ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը անցած գիշեր հայտարարել է հունիսի 16-ից ուղևորափոխադրումներով զբաղվող չինական ավիաընկերությունների մուտքը երկրի տարածք արգելելու մասին: Ամերիկյան գերատեսչության պնդմամբ՝ նման որոշման պատճառը չինական ավիաընկերությունների կողմից Վաշինգտոնի և Պեկինի միջև կնքված համաձայնագրերի մի շարք դրույթների խախտումն է:
Այսօրվա դրությամբ ԱՄՆ տարածքում գտնվող օդանավակայաններ կանոնավոր թռիչքներ իրականացնելու իրավունք ունեն չինական վեց ավիաընկերություններ: Վերջին ամիսներին այս ավիըանկերությունները թռիչքները չէին դադարեցրել` հայրենիք տեղափոխելով Միացյալ Նահանգների տարածքում գտնվող Չինաստանի քաղաքացիներին: Դրա հետ մեկտեղ, ամերիկյան խոշոր ավիաընկերություններին` Delta-ին և United Airlines-ին Չինաստանի իշխանությունները նման թռիչքներ իրականացնելու իրավունք չէին տվել:
Ամերիկյան ընկերությունները պաշտոնական բողոքով դիմել էին Սպիտակ տուն` պնդելով, որ Չինաստանի իշխանությունները երկակի չափանիշներ են կիրառում: