Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պայքարը տարաձայնություններ է ի հայտ բերել ՌԴ վարչապետի և Մոսկվայի քաղաքապետի միջև


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, արխիվ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, արխիվ

Կորոնավիրուսի համաճարակը Ռուսաստանում էլ ավելի տեսանելի է դարձրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում առկա տարաձայնությունները: Երեկ վարչապետ Միխայիլ Միշուստինը մի հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել է համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին ստուգել և վերլուծել բոլոր հրամանագրերը, այդ թվում` Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրերը` ուղղված կորոնավիրուսի տարածման դեմ:

Գերատեսչությունները պետք է վերլուծեն և մինչև հունիսի 8-ը զեկուցեն Միշուստինին, թե արդյոք հրամանագրերը չեն խախտում քաղաքացիների իրավունքները: Այսօր լրագրողներն արդեն դիմել են Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին մեկնաբանության համար: «Ես կարծում եմ, որ դուք կարող էիք այս մասին հարցնել կառավարությանը, միանգամայն պարտադիր չէ, որ Կրեմլը սա ինչ-որ կերպ մեկնաբանի»,- ասել է Պեսկովը` ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ Միշուստինն անհրաժեշտ է համարում ստուգել Մոսկվայի քաղաքապետի գործողությունները:

Նրան հարցրել են նաև, թե արդյոք այս հանձնարարականը համաձայնեցված է եղել Կրեմլի հետ, ինչին նա պատասխանել է.- «Նման որոշումները Միշուստինի իրավասությունն են»:

Ստուգումները պետք է իրականացնեն Արդարադատության, Առողջապահության նախարարությունները, Ռոսպոտրեբնադզորը, նաև Մոսկվայի կառավարությունը:

Հունվարի վերջին Ռուսաստանում վարչապետի որոշմամբ ստեղծվել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Մարտի 14-ին ստեղծվել էր Համավարակի դեմ պայքարի համակարգող խորհուրդ, մարտի 15-ին Պուտինը կարգադրություն էր ստորագրել կորոնավիրուսի տարածմանը հակազդելու պետական խորհրդին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի ղեկավար էր նշանակել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, ով միաժամանակ դարձել է վարչապետի առաջին տեղակալը համակարգող խորհրդում:

Վերլուծաբանները նախորդ ամիսներին գրում էին, որ Ռուսաստանի նախագահն ինքնամեկուսացվել է և կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ է ուղարկել վարչապետ Միխային Միշուստինին և քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Արդեն մարտից ակնհայտ էր, որ Միշուստինի և Սոբյանինի մոտեցումները տարբեր են, խորհրդակցությունների ժամանակ Միշուստինը և կառավարության անդամներն անդադար հայտարարում էին, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը վերահսկվում է երկրում, իսկ Սոբյանինը պարբերաբար հայատարարում էր, որ ոչ, չկա իրական պատկեր ռեգիոններում, որ անհրաժեշտ է անհապաղ ավելացնել կորոնավիրուսի թեստերի թիվը: Ավելին, երբ իշխանությունները մայիսին սկսեցին խոսել կորոնավիրուսի դանդաղ նահանջի մասին, Սոբյանինը հայտարարում էր, որ խիստ սահմանափակումները գոնե Մոսկվայում պետք է պահպանել, և որ վարակվածների թվի իրական պատկերն ավելին է, քան պաշտոնական վիճակագրությունն է ներկայացնում:

Կառավարության և Մոսկվայի քաղաքապետի մոտեցումներում տարաձայնություններն էլ ավելի ակնհայտ դարձան, երբ երկրի ղեկավարը հայտարարեց հունիսի 24-ին տոնական շքերթ, իսկ մայիսի 26-ին Անմահների գունդ բազմահազարանոց երթ կազմակերպելու մասին: Սոբյանինը միաժամանակ հայտարարեց, որ Մոսկվայում կորոնավիրուսի ինքնապաշտպան ռեժիմը պետք է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չեն սկսվել կորոնավիրուսի զանգվածային պատվաստումները, այսինքն` առնվազն մինչև աշուն, իսկ իշխանությունները նաև որոշել են հուլիսի 1-ին անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այն չափազանզ կարևոր է Ռուսասատանի նախագահի համար, քանի որ զրոյացնում է Պուտինի նախագահության բոլոր 4 ժամկետները և 2024-ին նրան նորից նախագահ ընտրվելու հնարավորություն է տալիս:

Հավելենք, որ Ռուսաստանի տարբեր ռեգիոններում գործում էին և այսօր էլ գործում են կարանտինի տարբեր ռեժիմներ: Պուտինի որոշմամբ ռեգիոնների ղեկավարներն ինքնուրույն պիտի որոշեին կարանտինի կանոններն իրենց ռեգիոններում: Մոսկվայում այսօր էլ գործում են կարանտինի խիստ սահմանափակումներ: Օրինակ` մարդիկ կարող են զբոսնել շաբաթը 3 անգամ, իսկ այլ կարիքների համար տնից դուրս գալու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ էլեկտրոնային անցագրեր, հակառակ դեպքում կտուգանվեն, ընդ որում Մերձմոսկվայում անցագրերն արդեն չեն գործում, և մարդիկ կարող են հանգիստ զբոսներ:

Համացանցում Սոբյանինի որոշումները մոսկվացիները քննադատում են` շեշտելով, որ դրանք խախտում են ազատ տեղաշարժի քաղաքացու իրավունքը: Այս խառնաշփոթը երկրում ստեղծվել էր այն պատճառով, որ ի սկզբանե իշխանությունները չեն հայտարարել երկրում արտակարգ դրություն, և ռեգիոնների ղեկավարները, ըստ էության, ինքնուրույն են որոշում ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ:

Վերջին շաբաթներին կորոնավիրուսի տեմպերը երկրում պաշտոնական վիճակագրության համաձայն` դանդաղ նվազում են, մի քանի օր շարունակ նոր վարակվածների թիվը չի գերազանցում 9 հազարը, փոխարենը մեծացել է մահացածների թիվը: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից Ռուսաստանից մահացել է 5 հազար 37 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG