Մատչելիության հղումներ

Հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ-ում թռչելու արգելքի հետևանքները անմիջապես քաղաքացիների համար «մեծ չեն լինի»


Հայաստան - Օդանավ «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Հայաստան - Օդանավ «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Եվրահանձնաժողովն արգելել է Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Եվրամիության տարածքում, պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Եվրամիության «սև ցուցակում» են ներառվել հայկական Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball ավիաընկերությունները։

Մինչ այդ հանձնաժողովը լսել էր Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի և ընկերությունների փաստարկները։ «Անվտանգության այս ցանկը պետք է օգտագործվի որպես գործիք, որն օգնում է ավիաընկերություններին ու պետություններին վերանայել ու բարելավել իրենց թռիչքային չափանիշները», - հայտարարել է ԵՄ տրանսպորտի գծով հանձնակատար Ադինա Վալեանը, հավելելով՝ հայկական ընկերությունների մասին որոշումը կայացվել է` հաշվի առնելով Անվտանգության հանձնաժողովի միասնական դիրքորոշումն այս հարցում։

Քաղավիացիայի կոմիտեն տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ հստակեցնում է՝ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ: Բացի այդ, այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ավիաընկերությունների չվերթերի վրա:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը «Ազատությանը» փոխանցեց՝ «սև ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն մեկն է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնում, հետևաբար՝ անմիջապես քաղաքացիների համար որոշման հետևանքները մեծ չեն լինի։

«Դե էս պահին, եթե խոսենք պոստ ֆակտում եղած դրությամբ, մենք ունենք մի ավիաընկերություն, որը թռիչքներ է իրականացնում Երևանից դեպի Եվրամիության անդամ երկիր՝ դա «Ավիակոմպանիա Արմենիա»-ի Լիոնն էր: Ունեին նպատակներ, պլաններ՝ հետագայում զարգացնելու, բայց էս պահին այնպես չէ, որ հայկական ավիաընկերությունները գրավել էի եվրոպական շուկան և էս պահին մեր ուղևորները կտրուկ զգալու են: Հա, Լիոն ուղղությունը մենակ սպասարկում էր հայկական ավիաընկերություն՝ էդ ուղղության ուղևորները կզգան էդ տարբերությունը, միանշանակ է», - ասաց Փայասլյանը:

Եվրոպա չվերթներ իրականացնող «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց , որ խնդրի վերաբերյալ դեռ որևէ մեկնաբանություն չեն տալիս: Նկատենք՝ ընկերությունը հունիսի 2-ին Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ է իրականացրել։ Խաչատրյանը պարզաբանեց՝ կասեցումը չի տարածվում մարդասիրական նպատակներով իրականացվող ոչ կանոնավոր թռիչքների վրա:

«Ավիաընկերությունը զբաղված է իր առաջնահերթ խնդիրներով, հա՞, էս պահին մի քիչ ավելի շատ քաղաքացիների տարհանմամբ ենք զբաղված, հատուկ չվերթների իրականացմամբ: Մենք էդ թեմային պաշտոնական ավելի ուշ կանդրադառնանք, երբ որ արտակարգ դրության ռեժիմը հանրապետությունում ավարտվի», - ասաց փոխտնօրենը՝ հավելելով. - «Տեղեկացված ենք, ամեն ինչից տեղեկացված ենք, բայց որևէ կերպ էս պահին չենք մեկնաբանում: Ժամկետները հասկանալու համար պետք է իրավիճակը գնահատել, իրավիճակը գնահատելու համար էլ մեզ ժամանակ է պետք»:

Հայաստանում գրանցված օդանավ շահագործողներին ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում ընդգրկելու որոշման պատճառը երկար տարիներ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է:

Քաղավիացիայի կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ վստահեցնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 20-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լուրջ քայլեր է ձեռնարկել և շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: Կոմիտեում կարևորում են նաև միջազգային գործընկերների պատրաստակամությունը՝ օգնել Հայաստանին լուծելու առկա խնդիրները:

Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունում ասված է, որ Հանձնաժողովը՝ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության գործակալության հետ, պատրաստակամ է համագործակցել ու ներդրումներ անել Հայաստանում՝ ոլորտի անվտանգությունը բարելավելու համար:

XS
SM
MD
LG