Պետական վերահսկողական ծառայությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար Վաղարշապատի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել մի շարք չարաշահումներ և խախտումներ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նշենք, որ այդ ժամանակահատվածում Էջմիածնի քաղաքապետն էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորայի որդին՝ Կարեն Գրիգորյանը:
Համաձայն ՔԿ հաղորդագրության, պարզվել է, որ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության փաստացի ղեկավար, իսկ 2016-2018-ը նաև գլխավոր տնօրենը, Վաղարշապատի համայնքապետարանի կողմից հայտարարված դրա ենթակայությամբ գործող թիվ 11 մանկապարտեզի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման շենքի ու գեղարվեստի դպրոցի, թիվ 2 երաժշտական դպրոցի, մշակույթի պալատի և դրա կառույցների վերանորոգման աշխատանքների մրցույթներում իր ղեկավարած ընկերությունով հաղթող ճանաչվելով՝ կնքված թվով 15 պայմանագրերի շրջանակներում նախատեսված վերանորոգման աշխատանքներն ու ծառայություններն ամբողջական և պատշաճ չի մատուցել:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված աշխատանքների իրականացման վերաբերյալ 2015-ի հունվարից մինչև 2016-ի հունիսն ընկած ժամանակահատվածի համար հաստատված կատարողական ակտերում իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով, փաստացի կատարված շինարարական աշխատանքների ծավալներից ավել ծավալներ ցույց տալով, միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր 13 միլիոն 336 հազար 213 դրամ գումար՝ Վաղարշապատ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ վերոնշյալ ԲԲ ընկերության ղեկավարին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ ընկերության ղեկավարը Հատուկ քննչական ծառայությունում մեկ այլ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասով քննվող քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և գտնվում է հետախուզման մեջ։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ հաշվի առնելով վերոգրյալը՝ որոշում է կայացվել Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործից «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության ղեկավարի վերաբերյալ մասն անջատել և ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու և վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու, մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու հարցը քննարկելու համար: