Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԱ նախկին նախարարի զավակները հսկայական կարողություն տեր են Եվրոպայում


Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդով, արխիվ
Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդով, արխիվ

Ավելի քան հարյուր միլիոն եվրոյի բիզնես կայսրություն` շքեղ առանձնատներ Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, իսպանական Մալյորկայում ու Լյուքսեմբուրգում. և այդ ամենը` 19-րդ դարից մնացած պապենական ժառանգության շնորհիվ:

Համենայնդեպս, այսպես են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի զավակները բացատրում, թե ինչպես են միլիոնատեր դարձել երեսուն տարեկանում:

Հետաքննող լրագրողների միջազգային ցանցի և Transparency International-ի փորձագետները, մինչդեռ, փնտրել, ուսումնասիրել, սակայն Մահմուդովների տոհմածառում այդպես էլ միլիարդատերեր չեն հայտնաբերել: Ճիշտ հակառակը, ինչպես փաստում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի վերջին հետաքննությունը, «Մահմուդովների պապի` Ահմադի մասին հենց ընտանիքի ջանքերով հրատարակված գրքում ասվում է` ծնվել է Նախիջևանում`գյուղացու ընտանիքում»:

Մահմուդովների ընտանիքը լրագրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու տարի առաջ, երբ հաքերները կոտրել էին օֆշորային գոտիներից մեկի` Կայմանյան կղզիների National Bank-ի սերվերներն ու գաղտնազերծել հազարավոր փաստաթղթեր: Հենց դրանց շնորհիվ էլ պարզվել է, որ մինչ Էլդար Մահմուդովը ղեկավարում էր Ադրբեջանի ազգային անվտանգության ոլորտը, իսկ դրանից առաջ պայքարում կազմակերպված հանցավորության ու թմրամիջոցների շրջանառության դեմ, նրա զավակները` Անարն ու Նարգիզը կրթություն էին ստանում Շվեյցարիայի թանկ համալսարաններում ու հսկայական առանձնատներ գնում Եվրոպայի ամենաշքեղ կետրոններում:

Իսպանիայում, օրինակ, Անար Մահմուդովի բիզնես կայսրությունը մոտ երեսուն միլիոն եվրո է գնահատվում: Ընդ որում, առաջին ընկերությունը նա հիմնել է 22 տարեկանում, հետո ձեռք է բերել տասնյակ տներ ու հյուրանոցներ, այդ թվում` 17-րդ դարում կառուցված հսկայական վիլլա` 127 հեկտար հողատարածքով, ինչպես նաև պատմական հուշարձանների ցանկում ներառված մի շինություն Պալմա դե Մալյորկայի կենտրոնում:

Նույնքան տպավորիչ է Մահմուդովների` Բրիտանիայում կուտակած կարողությունը. երկու հսկայական գրասենյակային շինություն Լա Մանշի ափին` Անգլիայի խոշորագույն նավահանգիստներից Բորնմութում` ավելի քան տասը միլիոն եվրո արժողությամբ, չորսհարկանի շենք Լոնդոնի ամենաշքեղ թաղամասերից մեկում` սեփական լողավազանով, մարզասրահով ու կինոթատրոնով:

«Ընդ որում, ամենամոտավոր հաշվարկներով 17 միլիոն եվրոյանոց այդ շինությունը Անար Մահմուդովը ձեռք է բերել 29 տարեկանում», - փաստում է լրագրողական հետաքննությունը:

Մահմուդովները նույնչափ եռանդագին գնումներ են արել նաև Լյուքսեմբուրգում, Լիտվայում, Կիպրոսում ու հայրենի Ադրբեջանում` օֆշորային հաշիվներին փոխանցելով միլիոնավոր դոլարներ:

Լրագրողական հետաքննությունը փաստում է, որ տարիներ առաջ դեռ` 2015-ին Կայմանյան բանկի աշխատակիցներից մեկը ներքին քննության ժամանակ կասկածելի է որակել այս փոխանցումների օրինականությունը: Սակայն առայժմ հստակ չէ, թե արդյոք դա դարձել է քննության առարկա, և հետարքրվել են արդյոք այդ փաստով իրավապահ մարմինները:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը BBC-ին ասել է, թե դեռևս ուսումնասիրում է լրագրողական հետաքննությունը, ավելի ուշ դրան կարձագանքի:

Փաստ է, սակայն, որ իրավապահ համակարգը Մահմուդովի դեմ գործ էր հարուցել դեռ տարիներ առաջ, երբ նախագահ Ալիևը անսպասելի հեռացրել էր նրան Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ու լուծարել նախարարությունը: Պաշտոնական աղբյուրները չէին պարզաբանել, թե ինչու է նախագահը պատժում Մահմուդովին, որի հետ Ալիևները կապված էին նաև ազգակցական թելերով: Որոշ լրատվամիջոցներ պնդել էին, թե Մահմուդովը փորձել է պալատական հեղաշրջում կազմակերպել և գործել է Իլհամ Ալիևի թիկունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG