Մատչելիության հղումներ

Փաշինյանի և Պուտինի միջև հեռախոսազրույց է կայացել


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը քաջառողջություն և հաջողություն է մաղթել Փաշինյանին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հեռախոսազրույցի շրջանակում Փաշինյանը և Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի և հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Այս համատեքստում նրանք քննարկել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համագործակցության հարցերը: Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանին համաճարակի դեմ պայքարում աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը:

Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նա հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:

Հայաստանի վարչապետն այսօր դարձավ 45 տարեկան: Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ ինքը և ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով՝ թեստավորման արդյունքը դրական է:

XS
SM
MD
LG