Մատչելիության հղումներ

Ռուբեն Բաբայան․ Եկեք չմոռանանք, որ մենք բոլորս մանուկներ ենք


85 տարի շարունակ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկայյին թատրոնը ուրախություն, սեր ու բարություն է տարածում հազարավոր մանուկներին՝ թե' ազգային, թե' համաշխարհային գրական լավագույն ստեղծագործությունները նրանց ներկայացնելով և սերնդեսերունդ փոխանցելով, նրանց գիտակցության ու հոգեբանության մեջ ձևավորելով համամարդկային բարձրագույն արժեքներ:

Հունիսի 1-ը թատրոնի հիմնադրման օրն է: 1935 թվականին հենց այս օրն է թատրոնը դռները բացել իր հանդիսատեսի առաջ: Եվ այսօր՝ հունիսի 1-ին, թատրոնը մի ուշագրավ նախաձեռնությամբ է նշում թե'

հիմնադրման 85-ամյա հոբելյանը, թե' Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

«Թատրոնը այն նույնիսկ կարանտինային ժամանակներում ոչ մի օր չդադարեցրեց իր աշխատանքը` օնլայն տարբերակով ներկայացումներ էինք ցուցադրում, դերասանները հեքիաթներ էին պատմում, պատրաստեցինք մի քանի կրթամշակութային ծրագիր: Բայց բոլոր դեպքերում թատրոնի համար ամենակարևորը դա անմիջական շփումն է: Հունիսի 1-ին մենք կփորձենք թատրոնի բալկոնից, որը նայում է դեպի Սայաթ-Նովա պողոտա, ցուցադրել տիկնիկային համերգ, կարճ` 20 րոպեանոց: Երեք անգամ` ժամը 12-ին,1-ին, 2-ին», - «Ազատության» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Նա նշեց, որ հանդիսատեսի համար ապահովվելու են հակահամաճարակային բոլոր պայմանները. - «Հուսով եմ, որ այս համերգով մենք նաև կսկսենք փորձել գտնել մեր հանդիսականի հետ անմիջական շփման տարբեր ձևեր: Կյանքը շարունակվում է, և մենք պետք է կարողանանք իրար լույս բերել, իրար ուրախություն պատճառել»:

Հարցին, թե արդյոք մտածում են բացօթյա ներկայացումներ կազմակերպելու շուրջ և արդոք ունեն տարածքային հնարավորություններ, Բաբայանը պատասխանեց. - «Թատրոնում չունենք: Բայց կարծում եմ, եթե մենք կարողանանք քաղաքապետարանի հետ համագործակցել և որոշակի այգիներում շաբաթ-կիրակիները անցկացնել նման ներկայացումներ.... ժամանակին նման պրակտիկա կար` 30-40 տարի առաջ մենք այգիներում ևս խաղում էինք ներկայացումներ: Ես կարծում եմ, սա հնարավոր է: Ես կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք, որովհետև հիմա աշխարհի շատ ու շատ թատրոններ մտածում են այդ ձևի մասին. նույնիսկ շենքային պայմաններում խաղալ` վաճառելով քիչ քանակությամբ տոմսեր և պահպանելով սոցիալական տարածությունը: Ձևերը կգտնենք, թատրոնը կանգ չի առնի, և մեր թատրոնը միշտ կլինի հանդիսականի հետ»:

Անդրադառնով Երեխաների պաշտպանության օրվա խորհրդին` Ռուբեն Բաբայանն ասաց. - «Ես ուզում եմ այսօր մի քիչ ուրիշ բան ասել` եկեք չմոռանանք, որ մենք բոլորս մանուկներ ենք` մի քիչ տարիք առած, մի քիչ ծերացած: Եկեք ուշադիր լինենք մանուկների հանդեպ, սիրենք բոլոր մանուկներին` անկախ տարիքից, մինչև կյանքի վերջ: Հաստատ կշահենք` և' մանուկները, և' մենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG