Մատչելիության հղումներ

Դասերը սեպտեմբերին բնականոն կերպով կարող են վերսկսվել, եթե հակահամաճարակային կանոնները պահպանվեն. ԿԳՄՍ նախարար


Սեպտեմբերին դասերը բնականոն կերպով կարող են վերսկսել, այսօր հայտարարեց կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն մի պայմանով, եթե մինչ այդ դպրոցականները, նրանց ծնողներն ու ուսուցիչները խստորեն հետևեն պարետատան սահմանած հակահամաճարակային կանոններին՝ դիմակ հագնեն, սոցիալական հեռավորություն պահեն և ախտահանեն ձեռքերը։

«Բոլոր հնարավորությունն ունենք սկսելու դասերը, և դա մեր շատ մեծ ցանկությունն է, որովհետև հեռավար կրթությունը որքան էլ որ հաջող կազմակերպենք, բայց ունի իր նաև բացասական կողմերը, մասնավորապես, սոցիալականացման խնդիրը», - ասաց Հարությունյանը:

Չնայած նախարարությունը ցանկանում է սեպտեմբերին նորմալ դասապրոցես կազմակերպել, և հույս ունի, որ հենց այդպես էլ կլինի, սակայն նաև նախապատրաստվում են ոչ լավատեսական սցենարին, եթե աշնանն էլ համավարակը թույլ չտա դասարաններում աշակերտների ներկայությունն ապահովել, հեռավար ուսուցումն ավելի լավ կազմակերպված լինի։

«Մենք, այո, պետք է պատրաստ լինենք շատ տարբեր սցենարների: Մեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց մենք նաև պետք է պատրաստ լինենք հեռավարին», - նշեց նախարարը:

Ամեն դեպքում գոնե տարրական դասարանները Արայիկ Հարությունյանն ասում է՝ կփորձեն վիրտուալի փոխարեն իրական դպրոցում կազմակերպել: Հունիսի 1-ից սկսելու են առաջին դասարանցիների գրանցումն՝ օնլայն կարգով։

«Տարրական դասարանները և առաջին դասարանների դասերի վերսկսումը պետք է ապահովենք, որովհետև ես հասկանում եմ, որ աշակերտը պետք է գնա դպրոց էդ միջավայրին ծանոթանա, որ նույնիսկ, եթե ինչ-որ մի փուլի հեռավարով շարունակի, ինքը դասերը ընկալելու, սովորելու, ուսուցչին ընկալելու, օտար մի մարդու, որ մինչև այդ չի ճանաչել, ընկալելու հմտությունները պետք է ունենա և ճանաչի», - ասաց Արայիկ Հարությունյանը:

Լուիզա Այվազյան - Քալանթարյանը ևս հույս ունի, որ սեպտեմբերին դասերը ոչ թե հեռավար կլինեն, այլ՝ դպրոցներում։ Իր երեք երեխաներից միջնեկը՝ Անաիսը առաջին դասարան պետք է գնա, երկու դպրոցական երեխայի համար տանը օնլայն կրթություն ապահովելը աշխատող ծնողների համար շատ բարդ խնդիր է։ Սակայն ասում է՝ առողջությունն առաջնային է, եթե անհրաժեշտ լինի, հեռավար կրթություն էլ կկազմակերպեն։

«Ես երեք երեխա ունեմ, տղաս չորրորդ դասարանում է սովորում, փոխվեց հինգերորդ, աղջիկս՝ Անաիսը պատրաստվում է առաջին դասարան գնալ: Մենք, ճիշտն ասած, շատ դժվար հարմարվեցինք օնլայն ուսուցմանը, քանի որ ես ամբողջ օրն աշխատում եմ և ստիպված էի շաբաթվա հինգ օր առավոտյան 1-2 ժամ տրամադրել տղայիս օնլայն ուսուցման դասին, որ նորմալ ամեն ինչ անցնի: Շատ դժվար է, իսկապես շատ դժվար պայքարեցինք ու դիմացանք օնլայն կյանքին, այսպես ասած», - ասաց Լուիզա Այվազյան - Քալանթարյանը:

Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ կոչ արեց զերծ մնալ ավարտական երեկոներ կազմակերպելուց, դիմեց ուղիղ աշակերտներին՝ հորդորելով չվտանգել ընկերների և հարազատների կյանքը։ Կրթության նախարարը կոչ արեց նաև չտարածել կեղծ դավադրապաշտական տեսություններն ու ապատեղեկատվությունը կորոնավիրուսի վերաբերյալ։ Ասաց՝ իրեն հասել են անգամ ուսուցիչների նման գրառումներ։

«Անհեթեթություններին հավատալը և տարածելը, կներեք, անընդունելի է, հատկապես երբ որ որոշ ուսուցիչներ են դա տարածում, անընդունելի է: Էստեղ ես հիմա չգիտեմ՝ ինչ լուծումներ կարելի է տալ, բայց սա շարունակվելու դեպքում, ուղղակի անհետևանք չի կարող լինել», - ասաց Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG