Մատչելիության հղումներ

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ թեմայի առնչությամբ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: Ընթացքի մեջ են նաև մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էական փոփոխություններ են բերելու մեր հարկային համակարգում և ընդհանրապես եկամուտների հայտարարագրման ոլորտում: Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, թե ինչի համար են այս փոփոխություններն արվում և ինչ նպատակի են ծառայելու:

Ըստ էության՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնություններով ընդհանուր առմամբ պետք է փոփոխության ենթարկվեն, կրկին ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վերաբերյալ մեր ընկալումները և պատկերացումները: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները»:

Վարչապետը նշել է, որ ներկայիս կառավարությունն այս առումով շատ թափանցիկ է, առավել թափանցիկ է, քան Հայաստանի որևէ կառավարություն եղել է: Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել,որ ի վերջո, թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ և մենթալիտետ:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ունենանք քաղաքական կամք՝ այս բոլոր փոփոխությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Տվյալ ժամանակաշրջանում 2 սկզբունքային փոփոխություն կա. դրանցից մեկը գույքահարկի համակարգում մեր առաջարկած նոր համակարգն է, և երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը: Ընդ որում՝ այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով, ով է, որ ունի ռեալ՝ պետական 60000 դրամ կամ 100000 դրամ աջակցության կարիքը, ով է, որ չունի այդ կարիքը: Եվ մենք ակնհայտորեն բախվել ենք իրավիճակների, երբ մարդիկ, ովքեր ակնհայտորեն չունեին այդ աջակցության կարիքը, ստացել են դա, և մարդիկ, ովքեր ունեին այդ աջակցության կարիքը, չեն ստացել», - նշել է վարչապետը:

Հայաստանի կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա, և աջակցություն ունեցող մեր քաղաքացիների պատկերը պարզ կլիներ ընդամենը 1-2 համակարգչային գործողություն կատարելու արդյունքում:

«Ընդ որում՝ այդ պատկերը կունենայինք անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցեով, ինչը կհեշտացներ նաև այդ օգնությունը տեղ հասցնելը, որովհետև եկեք արձանագրենք, որ մենք նույնիսկ մի քանի ծրագրերով ուղղակի շաբաթներ ենք ծախսել, որպեսզի գտնենք այն մարդկանց, ում այդ գումարը պետք է տանք։ Սա, իր հերթին, բերել է լրացուցիչ բարդությունների, առավել ևս որ մենք, ինչպես ասացի, համոզված չենք, որ գտել ենք հենց այն մարդկանց, ում պետք է գտնեինք, մի շարք դեպքերում չենք գտել այն մարդկանց, ում լավ կլիներ, որ գտնեինք: Այնպես որ, իսկապես եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը: Այսպիսի բարեփոխումներ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք, և մենք ունենք այդ քաղաքական կամքը», - ընդգծել է վարչապետը:

Հաջորդիվ ներկայացվել է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձ է եղել հայեցակարգի ներդրման նպատակներին, առաջարկվող ժամանակացույցին, հաշվետվողականության ու վերահսկողության մեթոդաբանությանը, հարկաբյուջետային ազդեցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG