Մատչելիության հղումներ

Պեկին․ «Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործն է»


Բողոքի ցույց Հոնկոնգում, արխիվ

Չինաստանը մերժել է Հոնկոնգի ազգային անվտանգության օրենքի հարցով հեռավար տարբերակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու Միացյալ Նահանգների պահանջը և այն անվանել է «աննպատակահարմար»։ Այդ մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժաո Լիչժանը։

Միացյալ Նահանգները պնդում է, որ ընդունելով հատուկ վարչական տարածքի կարգավիճակ ունեցող Հոնկոնգի անվտանգության մասին օրենքը` Պեկինը հարված է հասցնում Հոնկոնգի ինքնավարությանը և ոտնահարում է բնակիչների ազատությունները։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Հոնկոնգը Չինաստանի մաս կազմող վարչական շրջան է և ուղղակիորեն ենթարկվում է Չինաստանի կենտրոնական կառավարությանը։ Օրենքների ընդունումը, դրանց լրամշակումը Չինաստանի լիազորությունն է և համապատասխանում է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին, սա բացառապես Չինաստանի ներքին գործն է, որևէ միջամտություն դրսից անընդունելի է»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Ժաո Լիչժանը։

Հոնկոնգը մինչև 1997 թվականը համարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ, ապա Լոնդոնի և Պեկինի փոխադարձ համաձայնությամբ անցել է Չինաստանի հսկողության տակ։

Հոնկոնգը Չինաստանում ունի հատուկ վարչական տարածքի կարգավիճակ։ Պեկինի և Լոնդոնի համաձայնագրով Հոնկոնգի ինքնավարության հատուկ կարգավիճակը պետք է պահպանվի մինչև 2047 թվականը։

XS
SM
MD
LG