Մատչելիության հղումներ

Ստամբուլի հայկական կրթօջախները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն


Մերամեթճյան վարժարան շնեքը Ստամբուլում։
Մերամեթճյան վարժարան շնեքը Ստամբուլում։

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը ավելի է խորացրել Ստամբուլում գործող հայկական կրթօջախների ֆինանսական խնդիրները: Համայնքային հիմնադրամների եկամուտներից սնվող մի քանի վարժարանները դժվար կացության մեջ են. բավարար միջոցներ չկան դպրոցի ծախսերը հոգալու համար:

Բյուջեում բացեր ունեցող դպրոցներից մեկը` Ֆերիքյոյ թաղամասի190 աշակերտ ունեցող Մերամեթճյան վարժարանի երկարամյա տնօրեն Արփի Մանուկյանն ասում է, որ պետությունից օգնություն չեն ստանում, ծնողների հնարավորություններն էլ սահմանափակ են:

Ֆերիքյոյի թաղային խորհրդի կրթական հարցերի պատասխանատու Նուրհան Փալաքօղլունի խոսքով, դպրոցներին աջակցելու համար անցկացվող ամենամյա հանգանակությունը այս տարի միայն կիսով չափ լրացրեց բյուջեի բացը:

Դպրոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրը՝ համայնքային կալվածքներից ստացվող եկամուտը համաճարակի հետևանքով զգալիորեն պակասել է՝ հանգեցնելով լուրջ խնդիրների: Փալաքօղլուն ասում է, որ ծնողներից շատերը կորցրել են աշխատանքը, եկեղեցապատկան գույքի վարձակալությունից ստացվող գումարները նույնպես էականորեն նվազել են:

Վերջերս Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդը խորհրդակցության էր հրավիրել նյութական խնդիրներ ունեցող չորս կրթօջախների` Սահակ Բեզջյան, Սահակյան-Նունյան, Լևոն Վարդուհյան և Մերամեթճյան վարժարանների ղեկավարությանը: Քննարկվել է այս դպրոցներին օժանդակել հարցը, այլապես ստիպված կլինեն միավորել կամ որոշ վարժարաններ փակել:

Նուրհան Փալաքօղլուն կարծում է, որ դպրոց փակելը ամենավերջին քայլը կարող է լինել, անհրաժեշտ է ծրագիր մշակել և այս հարցերին մնայուն լուծում տալ:

Տիկինը Մանուկյանը ևս հույս ունի, որ դպրոցների ֆինանսական խնդիրները անպայման կլուծվեն: Համոզված է, որ գումար գտնելն ավելի հեշտ է, քան աշակերտ:

Պոլսահայ համայնքում այսօր 16 վարժարան է գործում, որոնք ունեն շուրջ 3000 աշակերտ: Նույնքան հայ աշակերտ էլ թուրքական դպրոցներում է ուսանում:

XS
SM
MD
LG