Մատչելիության հղումներ

Թրամփը սոցցանցերում «խոսքի ազատությունը պաշտպանող» հրամանագիր է ստորագրել


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը և արդարադարության նախարար Ուիլյամ Բարը լրագրողների հետ զրուցում են սոցցանցերի խնդրի մասին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 28-ը մայիսի, 2020թ.

Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահը ստորագրել է մի հրամանագիր, որն, ըստ Դոնալդ Թրամփի, պաշտպանում է խոսքի ազատությունը սոցիալական ցանցերում, նաև թույլ է տալիս կարգավորել սոցիալական ցանցերի աշխատանքը և կանխել «առցանց գրաքննությունը»։

Փաստաթղթի համաձայն՝ Թվիթերին և Ֆեյսբուքին սպառնում է զրկվել օգտատերերի հրապարակումների պատճառով քրեական հետապնդումից պաշտպանությունից, բացի այդ, սահմանափակվում է հրապարակված նյութերի՝ գրառումների, լուսանկարների, տեսանյութերի, մեկնաբանությունների համակարգման՝ սոցիալական ցանցերի ադմինիստրատորների հնարավորությունը:

Հրամանագրի նպատակը, ըստ Թրամփի, ազատ խոսքը և ժողովրդավարությունը պաշտպանելն է, քանի որ, ինչպես նշում է Միացյալ Նահանգների առաջնորդը, հսկայական առցանց հարթակներն «անվերահսկելի իշխանություն» են ստացել և այժմ կարող են գրաքննել ու սահմանափակել օգտատերերի կողմից ստեղծվող բովանդակությունը:

Միացյալ Նահանգների նախագահն այս որոշմանն է հանգել սեփական դառը փորձից ելնելով` թվիթերյան հայտնի միջադեպից հետո:

Թվիթերը մինչև վերջերս համարվում էր նախագահ Թրամփի թերևս ամենասիրելի սոցիալական ցանցը։ Նա բազմիցս է շեշտել, որ նախագահ է դարձել այդ թվում շնորհիվ Թվիթերի, հաճախ է երախտիքի խոսքեր հնչեցրել Թվիթերի հասցեին, որը հնարավորություն է ընձեռել, ինչպես ԱՄՆ նախագահն է բնորոշում, պայքարել անբարեխիղճ լրատվամիջոցների դեմ: Ամերիկայի նախագահը կարող էր օրը սկսել Թվիթերյան գրառումներով՝ այդկերպ արձագանքելով, օրինակ, հեռուստատեսային բանավեճերին, որի մասնակիցներն ընթերցում էին այդ մեկնաբանությունները և քննարկում։ Նախագահ Թրամփը համառորեն հրաժարվում էր նվազեցնել իր ներկայությունը սոցիալական այդ ցանցում՝ անտեսելով խորհրդականների հորդորները, նա Թվիթերում գրում էր օդանավից, միջազգային բանակցությունների ընդմիջումներին, գոլֆ խաղալիս, իսկ երբ չկար ուշագրավ նորություն, պարզապես կրկնում էր՝ “Make America great again"։ Նախագահի սիրելի հեռուստաընկերության՝ Fox News-ի հաղորդավարներից մեկը, ի վերջո, նկատեց՝ «Դոնալդ Թրամփը լավագույն երևույթն էր, որը տեղի է ունեցել Թվիթերի հետ»: Միացյալ Նահանգների նախագահը նույնիսկ Սպիտակ տուն է հրավիրել Թվիթերի ղեկավարին, հանդիպումից հետո կողմերը հաճոյախոսություններ էին շռայլում, միաբերան հայտարարում արդյունավետ քննարկման մասին:

Այս հարաբերություններում, սակայն, տեղի ունեցավ դրամատիկ շրջադարձ։ Լարվածության «մեղավորը» նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների քվեարկության գործընթացի շուրջ քննարկումներն են։ Թրամփը կտրականապես դեմ է համաճարակի պատճառով հեռակա քվեարկությանը: Ընդդիմախոսները, մինչդեռ, պնդում են՝ համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս մարդկանց ներկայանալ ընտրատեղամաս և տեղում քվեարկել: Նախագահն էլ հակադարձում է՝ հեռակա քվեարկությունը կուղեկցվի կեղծիքներով: Թվիթերը Սպիտակ տան ղեկավարի այդ թեմայով թվիթը նշագրեց որպես «մոլորեցնող»՝ կցելով հատուկ հղում, որում օգտատերերը կարող էին ստուգել գրառման իսկությունը: Նախագահի կոշտ պատասխանը չուշացավ՝ նա Թվիթերին մեղադրեց խոսքի ազատությունը խեղդելու և ընտրական գործընթացին միջամտելու մեջ:

«Այժմ Թվիթերն է միջամտում 2020 թվականի նախագահական ընտրություններին։ Նրանք սխալ են որակում իմ հայտարարությունը փոստային քվեարկության մասին, որը կհանգեցնի զանգվածային չարաշահումների և կեղծիքների՝ հիմնված CNN-ի և ամազոնյան The Washington Post-ի «փաստերի ստուգման» վրա: Թվիթերն ամբողջությամբ խեղդում է խոսքի ազատությունը, և ես որպես նախագահ դա թույլ չեմ տա», - Թվիթերում գրել էր Դոնալդ Թրամփը:

Հինգշաբթի օրը Սպիտակ տան ղեկավարը խոսքից անցավ գործի՝ ստորագրելով հրամանագիրը, որն, իր խոսքով, թույլ կտա պաշտպանել խոսքի ազատությունը սոցիալական ցանցերում: Փաստաթուղթը, այդուհանդերձ, ընդամենը հանձնարարում է գլխադասային գերատեսչություններին քննարկել սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորելու հնարավորությունը։ Գործող օրենսդրությունը փոխելու իրավունքը վերապահված է բացառապես Կոնգրեսին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արդեն քննադատել է Թրամփի այդ հրամանագիրը՝ որակելով այն «քաղաքականացված և կողմնակալ»։

Թվիթերի ղեկավար Ջեկ Դորսին, իր հերթին, գրել է. - «Մենք շարունակելու ենք նշել սխալ կամ վիճելի տեղեկատվությունը ընտրությունների մասին ամբողջ աշխարհում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG