Միացյալ Նահանգները Ռուսաստան կուղարկի թոքերի օդափոխության ամերիկյան արտադրության ևս 150 սարք։
Վաշինգտոնը դա ներկայացնում է որպես Ռուսաստանի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի բարի կամքի դրսևորում, որը, սակայն, բուն ԱՄՆ-ում շատերը քննադատում և հարցականի տակ են դնում։
Դա կլինի թոքերի օդափոխության սարքերի երկրորդ խմբաքանակի առաքումը Ռուսաստան։ Մայիսի սկզբին ամերիկացիներն արդեն ուղարկել են 50 այդօրինակ վենտիլյատորներ, ինչը Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն անվանել է «մարդասիրական նվիրատվություն»։
ԱՄՆ պաշտոնյաների փոխանցմամբ` 200 սարքերի ընդհանուր արժեքը մոտ 5 միլիոն 600 հազար դոլար է։
Վաշինգտոնը հայտնել է, որ «ամերիկյան կողմը 100 տոկոսով իր վրա է վերցրել սարքերը գնելու, առաքելու և դրանց առնչվող նյութեր տրամադրելու ծախսերը»։
Մոսկվայից դեռ չկա որևէ պաշտոնական մեկնաբանություն այդ հարցի վերաբերալ։
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով ախտահարումների շուրջ 390 հազար դեպք։ Այդ վիճակագրությամբ Ռուսաստանից առաջ են անցնում միայն Միացյալ Նահանգները և Բրազիլիան։
Մինչդեռ, վարակից մահացել է մոտ 4 հազար 800 մարդ, և այդ համեմատաբար ոչ բարձր թիվը ռուսաստանցի և օտարերկրացի մեծ թվով վերլուծաբաններին թույլ է տալիս կասկածի տակ առնել կորոնավիրուսի մասին Ռուսաստանից ստացվող տեղեկությունները։