Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Գյումրիում ճանապարհաշինական որևէ ծրագիր չի չեղարկվել


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան

Քաղաքապետ Սամվել Բալասանյանի փոխանցմամբ, որոշ մրցույթներ կայացել են, և հունիսին նախատեսում են շարունակել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով իրականացվող ծրագրի երկրորդ փուլը:

«Կսկսենք մոտ կիլոմետր ճանապարհի շինարարական աշխատանքներ Գյումրի քաղաքում, որը հավանական է կսկսվի հունիսի 20-ին: Առաջին լոտը արդեն պատրաստ կլինի, պայմանագիրը կստորագրվի, և մենք շատ կարևոր փողոցներ ենք հիմա վերականգնելու, որը մագիստրալ փողոցներ են», - ասաց Բալասանյանը:

ՎԶԵԲ-ը երեք տարվա ճանապարհաշինական ծրագրի համար Գյումրիին 23,8 մլն եվրո էր տրամադրել և' վարկային, և' դրամաշնորհային բաղադրիչով:

Առաջին փուլի ավարտից հետո փողոցներում աշխատանքներ են իրականացվում: Բալասանյանն ասաց, որ շինարարներին նախորդ տարվա թերությունները վերացնելու համար մինչև մայիսի 31-ը ժամանակ է տրվել. – «Հիմա գնում է թերությունների վերացման պրոցես, գծանշումներ, ասֆալտապատման որոշ հատվածներ: Վերջնական հանձնաժողովը կգնա, կստուգի: Դրանից հետո արդեն իսկ եթե ստորագրված հասել է մեզ, մենք գումարը բաց կթողնենք` կատարողականներով: Բայց դեռ մեկ տարի` էդ պահից սկսած, մնալու է երաշխիքի մեջ»:

Փողոցներ են հիմնանորոգվելու նաև Կառավարության սուբվենցիոն ծրագրերով: Բալասանյանն ասաց, որ դրանք ևս չեն չեղարկվել: Ներկայացրել են 16 փողոցի հիմնանորոգման նախագիծ են ներկայացրել և սպասում են Կառավարության հաստատմանը. – «Երևի մինչև հունիսի կեսերը սուբվենցիոն ծրագրերը կհաստատվեն: Բայց մենք պայմանով մրցույթ ենք դնում, որպեսզի ժամանակ չկորցնենք: Երբ որ Կառավարությունը հաստատեց, արդեն այդ ծրագրերը մենք հնարավորություն կունենանք սկսել»:

Համաշխարհային բանկի և IDeA հիմնադրամի ծրագրերը ևս չեն կասեցվել: ՀԲ-ն ճանապարհաշինական ծրագիր է իրականցնելու, իսկ IDeA-ն կառուցելու է «սմարթ այգի»:

Սամվել Բալասանյան. – «Համաշխարհային բանկի ծրագրով բոլոր փողոցները` Աճեմյան փողոցից սկսած մինչև Տերյան փողոց: Կենտրոնական հրապարակի հետ կապված խնդիր ունենք էստեղ` ասֆալտապատում և որոշ մաս մանրաքարերով: Ջիվանու հրապարակիհետ կապված ունենք, եկեղեցու լուսավորության, եկեղեցու հետևի հատվածի վերականգնման ուղղությամբ: Նաև Բարեկամության այգու հետ կապված մեկուկես միլիոն դոլարով նորից աջակցեցին, որպեսզի կոմունիկացիոն հատվածը անի պետությունը, Կառավարությունը համաձայնվեց, և մնացած ներդրումը կատարելու է IdeA հիմնադրամը»:

Այդուհանդերձ, Բալասանյանն ասաց, որ համավարակի պատճառով նվազել է ներդրողների ոգևորությունը: Գյումրիում ներդրումներ անել ցանկացողներ կային սփյուռքից, սակայն նրանք առայժմ սպասողական վիճակում են: շ

Մարտին Գյումրիում պետք է սկսվեր Իսրայելի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնած լոգիստիկ կենտրոնի շինարարությունը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով առայժմ անորոշ է, թե երբ կմեկնարկի այդ ծրագիրը. – «Հիմա կոմունիկացիա չկա Իսրայելի ու Հայաստանի միջև, որ էդ մարդիկ գան: Միայն այդ կոմունիկացիայի խնդիրն է: Իրենք քննարկել են իրենց մոտ, մեր Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել են, արդեն իսկ Կառավարության որոշում կա»:

Գյումրի պատմական կենտրոնում մի քանի թանգարաններ հիմնելու նախաձեռնություն էլ կար:

Որպես տուրիստական ուղղություն «Ֆորբսի» ցուցակում ընդգրկվելուց հետո քաղաքային իշխանություններն արտերկրից տուրիստական մեծ հոսք էին ակնկալում, բայց այժմ խոստովանում են, որ ստիպված կլինեն սահմանափակվել ներքին տուրիզմով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG