Մատչելիության հղումներ

Պարետատունը կարանտինի կարիք չի տեսնում. ՀԿ-ներն ահազանգում են՝ առողջապահական համակարգը կանգնած է կոլապսի առջև


Ոստիկանը ստուգում է քաղաքացու անցաթուղթը, 25-ը մարտի, 2020թ.
Ոստիկանը ստուգում է քաղաքացու անցաթուղթը, 25-ը մարտի, 2020թ.

«Պարետատունը այս պահին կրկին կարանտին սահմանելու անհրաժեշտություն չի տեսնում», - «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ արձագանքելով երկշաբաթյա խստացված կարանտին կիրառելու մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) պահանջին։

Հիշեցնենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տարածած հայտարարության մեջ ընդգծել էին, որ չնայած պարետատան պահանջին, միևնույն է, քաղաքացիները համատարած կերպով դիմակներ չեն կրում։ Իրավապահ մարմիններն ի վիճակի չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զգուշացնում են՝ Հայաստանի առողջապահական համակարգը նախակոլապսային իրավիճակում է, և նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ բուժօգնություն ստանալ չէին կարողանում:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, արխիվ
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, արխիվ

Մինչդեռ պարետատնից հակադարձում են՝ իրականացվում է խիստ վերահսկողություն՝ ինչպես ոստիկանության, այնպես էլ տեսչական մարմինների կողմից, և հույս ունեն, որ այդ գործողությունների արդյունքում վարակակիրների թիվը կսկսի նվազել։ Պարետատան խոսնակը հորդորում է, որպեսզի հայտարարություն տարածած ՀԿ-ներն աջակցեն իրենց՝ քաղաքացիների տեղեկացվածությունը բարձրացնելու հարցում։

«Ցանկալի տարբերակը դա չի, այսինքն՝ դա մի տարբերակ է, որը կա մեզ մոտ, դա սցենարներից մեկն է, բայց դա ցանկալի տարբերակը չէ՝ հաշվի առնելով տնտեսության վիճակը, նաև եղանակը. մարդկանց շատ դժվար է զոռով տանը պահելը: Մարդիկ ուզում են դուրս գալ, դրա համար մնում է միայն մարդկանց հորդորել, կոչ անել, որպեսզի դուրս գալիս հետևեն կանոններին՝ կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն, խմբերով չհավաքվեն», - ասաց վարչապետի խոսնակը:

Ի պատասխան պարետատնից հնչած այս արձագանքին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը զգուշացնում է՝ պարետատան անգործության արդյունքում արդեն մոտ ենք այն իրավիճակին, երբ հիվանդանոցներում կսկսեն պացինետներին ընտրողաբար բուժել կամ այսպես կոչված սելեկցիա կիրառել, երբ ոչ բոլոր ծանր հիվանդները ռեանիմացիայում բուժօգնության հնարավորություն կունենան։ Մինչդեռ երկշաբաթյա իրական կարանտինը կնվազեցնի դեպքերի քանակը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ

«Շատ շուտով արդեն մարդիկ կսկսեն մահանալ՝ շատերը չստանալով պատշաճ բուժօգնություն: Սա նաև պարետատան, ոստիկանության գործողությունների և անգործության արդյունք է: Իրենց մոտեցումներն այս առումով անընդունելի են, չի կարելի կյանքերի հաշվին որոշել տնտեսություն անել, որովհետև արդյունքում մենք կորցնում ենք թե՛ տնտեսությունը, թե՛ կյանքերը», - նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգողը:

Իոաննիսյանը հիշեցնում է՝ նույնիսկ երբ որոշ ժամանակ առաջ կարանտին էր երկրում, ոստիկանությունը դրա կատարումը պատշաճ չէր վերահսկում, գործնականում ոչինչ չէր արվում, ձևական մի քանի զրահամեքենա էին կանգնեցրել, իբրև թե տեղաշարժման թերթիկներ էին ստուգում։ Հիմա էլ դիմակների պարտադիր կրումը չեն կարողանում ապահովել։ Ըստ նրա, այդ կանոնները չպահպանելու, նաև կարանտինը չեղարկելու, հետո նոր դիմակները պարտադիր դարձնելու որոշումը հանգեցրեց նրան, որ վարակակիրների թիվը սկսեց կտրուկ աճել։

«Առողջապահական համակարգը, մեղմ ասած, կանգնած է կոլապսի առջև, եթե արդեն այդ կոլապսի չի ենթարկվում, եթե մարդիկ՝ երկկողմանի թոքաբորբով, չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ, եթե այդ լուրերն իրականությանը համապատասխանում են, եթե ռեանիմացիայի տեղերն արդեն լցված են, ապա սա կարելի է որոշակիորեն կոլապս անվանել», - ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանի համոզմամբ՝ պարետատունն ու պետական մարմիններն այլևս չեն վերահսկում վարակի տարածումը, չեն պարզում հիվանդների շփման շրջանակը, չեն թեստավորում վարակակիրների հետ շփված անձանց, հիվանդներին այլևս չեն մեկուսացնում, բարեխիղճները մնում են տանը, մյուսները դուրս են գալիս և շփվում մարդկանց հետ։

«Որևիցե կերպ պետությունը չի փորձում վերահսկել վիրուսի տարածումը, ուղղակի որովհետև այն ծավալների է հասել, որ պետությունը չի էլ կարող վերահսկել», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգողը:

XS
SM
MD
LG