Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահի աշխատակազմից արձագանքել են Պոլսո Հայոց պատրիարքի նամակին


Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան, ապրիլ, 2020թ.

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը անցած շաբաթ նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին համայնքային խնդիրների շուրջ:

Նամակում Պատրիարքը, հիշատակելով նախագահի հետ Անկարայում ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունը, ուշադրություն էր հրավիրել ազգային-եկեղեցական կյանքին առնչվող օրակարգային հարցերի վրա: Սահակ երկրորդը հրատապ էր համարել մասնավորապես համայնքային հիմնադրամների ղեկավար կազմի առկախյալ ընտրությունների հարցը, ինչպես նաև հայկական վարժարանների առաջ ծառացած դժվարությունները՝ ակնկալելով պետության զորակցությունը:

Պոլսո «Ժամանակ» օրաթերթի հաղորդմամբ, նամակի առնչությամբ նախագահի աշխատակազմից կապ են հաստատել Պատրիարքի հետ՝ հայտնելով, որ համաճարակի ճգնաժամի հաղթահարումից հետո լուծում կտրվի մատնանշված խնդիրներին:

Պատրիարքարանի դիվանը, իր հերթին, համայնքային շրջանակներին տեղեկացրել է, որ «կարևոր հարցերը արդեն ամենաբարձր մակարդակի վրա պատկան մարմինների օրակարգում են, դրանց լուծման ուղղությամբ զգալի է դրական կամքը, և շարունակվում են համապատասխան աշխատանքները»:

XS
SM
MD
LG