Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին


ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում, արխիվ
ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի վերաբերյալ իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին։

Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի ամռանը ներկայացրած և Եվրադատարանի Մեծ պալատի կողմից հոկտեմբերի 2-ին վարույթ ընդունված դիմումը վերաբերում է Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մեկնաբանությանը և դրա կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո (չկա պատիժ առանց օրենքի)։

Եվրադատարանի հաղորդագրությունում նշվում է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալումը»): «Ենթադրյալ հանցանքը կապ ունի 2008 թվականի փետրվարի և մարտի հետընտրական իրադարձությունների հետ, երբ վիճահարույց նախագահական ընտրությունների դեմ ցույցեր էին ընթանում։ Իսկ այդ ժամանակ դեռ ուժի մեջ էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը՝ «իշխանության յուրացումը», - ասված է հաղորդագրությունում:

Սահմանադրական դատարան դիմել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը՝ երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։ Սահմանադրական դատարանն էլ, իր հերթին, որոշել էր կասեցնել այս դիմումի քննությունը և խորհրդատվության համար դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին։

XS
SM
MD
LG