Մատչելիության հղումներ

Նախիջևանի ուղղությունում միջդիրքային տարածքում ադրբեջանցիների կրակոցից հայկական ԶՈՒ մեքենա է այրվել. ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

Նախիջևանի ուղղությունում միջդիրքային տարածքում ադրբեջանական կողմի կրակոցից հայկական Զինված ուժերին պատկանող ավտոմեքենա է այրվել: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։ Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե՛ մեր, թե՛ հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։ Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում», - նաև շեշտում է ՊՆ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG