Մատչելիության հղումներ

Ուժեղ քամին շոշափելի վնասներ է հասցրել Շիրակի մարզում


Շիրակի մարզում 3 օր անընդմեջ ուժեղ քամիները զգալի վնաս են հասցրել մարզի 30 համանքներում։

Քամին տների ու 6 դպրոցների կտուրներ է քշել։ Միայն մայիսի 20-ին, ըստ նախնական հաշվարկների, գյուղերը մոտ 20 միլիոն դրամի վնաս են կրել։

Գյումրիի կրած վնասները դեռ չեն հաշվարկել։ Շիրակի մարզպետարանի ՏԻՄ բաժնի պետ Գառնիկ Սիմոնյանը, ով այսօր քամուց տուժած համայնքներում վնասն էր գնահատում, ասաց, որ տարբեր համայնքներ տարբեր չափի վնասներ են կրել. – «Ահազանգ ունենք Աշոցքից` հենց կենտրոնում, Սարապատից, Մուսայելյան գյուղում կա վնաս: Ունենք Ամասիայի Ողջի բնակավայրում. գառները հոտը սելավի մեջ է ընկել, մի 20-25 անկած կան»:

Գուսանագյուղը առավել տուժած համանքներից է: Սահակյանների ընտանիքն ամենաշատ վնաս է կրել։ Քամին քշել է նրանց տան, գոմի ու ավտոտնակի կտուրը:

Չսպասելով աջակցությանը՝ Լևոն Սահակյանը պարտքով գումար է վերցրել ու համագյուղացիների օգնությամբ սկսել տան տանիքի վերանորոգումը։

«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ վնասը գնահատում է մոտ չորս միլիոն դրամ. – «Առանց աշխատուժի: Աշխատուժը հեչ` սաղ ընկերություն, սաղ հոպարներ... մեծ հարազատություն ունեմ: Իրանք էկել էսօր կանգնել են կողքս»:

Երբ ուժեղ քամի է բարձրացել, տանը Լևոն Սահակյանի մայրը՝ տիկին Մարուսյան է եղել, նա սարսափով է հիշում այդ պահը, մտածել է, թե երկարաշարժ է:

Պետությունը կաջակցի՞, թե՞ ոչ. տիկին Մարուսյան թողնում է իշխանավորների խղճին. – «Ինչ իմանանք կօգնե՞ն: Ինքը վարկի տակ էր, նորից գնացել, վերցրել-բերել է»:

Անի խոշորացված համայնքի մեջ մտնող Գուսանագյուղի վարչական ղեկավար Վասակ Ղազարյանն ասաց, որ համյանքապետարանը տեղական բյուջեից կփորձի օգնել տուժած ընտանիքին, բայց կրած վնասը ամբողջությամբ չեն կարող փոխհատուցել. – «Ես չեմ կարծում, որ էդքան մեծ գումարով կարող են աջակցել, որովհետև բյուջեում երևի էդքան ֆինանս չկա, որ բոլորին կարողանան աջակցել: Մի որոշակի գումարով կարող են աջակցել, դրանով խնդիրը չի լուծվի»:

Գյուղում նաև հոսանքի հենասյուներ էին շուռ եկել: Գյուղի մի մասը հոսանքազրկված էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG