Մատչելիության հղումներ

Ղազախստանում չեն բացահայտում կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդություններից մահացածների թիվը


Ղազախստանում` Ալմաթիի մոտ` մոտավորապես 50 կլիոմետր հեռավորության վրա Կարա օյ գյուղի մոտ, նոր գերեզմատուն կա, որտեղ հուղարկավորվում են միայն կորոնավիրուսի հետևանքով մահացած հանգուցյալներին: Գերեզմանատանը 32 շիրիմ կա, բայց Ղազախստանի հայտնած պաշտոնական տվյալներով` Ալմաթիում կորոնավիրուսի հետևանքով 10 մարդ է մահացել, իսկ Ալմաթիին հարող շրջաններում` ոչ մեկը:

«Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության թղթակիցը գնացել է այդ գերեզմանատուն: Այդ օրը հուղարկավորվում էր Ալմաթիի բնակիչ Նադեժդայի 73-ամյա մայրը:

Նադեժդան պատմել է, որ մայրը հիվանդացել է մայիսի կեսերին, պոլիկլինիկայում ստուգել են թոքերը, ախտորոշել են երկկողմանի թոքաբորբ, Էքսպրես թեստը կորոնավիրուսի բացասական պատասխան է տվել: Բուժումը շարունակվել է հիվանդանոցում, բայց Նադեժդայի խոսքով` իրենց բժիշկն ունեն, մորը տուն են բերել, շարունակվել է նշանակված բուժումը: Սակայն նրա վիճակը գնալով վատացել է, մայիսի 23-ին արդեն շատ է վատացել, բայց ջերմություն չի ունեցել, շտապ օգնություն են կանչել, տեղափոխել հիվանդանոց ու երբ գնացել են նրան տեսակցելու, իմացել են, որ մահացել է:

Բժիշկն ասել է, թե հանգուցյալի մարմինն ուղարկել են դիահերձարան, այնտեղից էլ հարազատներին ասել են, որ գնան գերեզմանատուն, և միայն գերեզմանատանն է Նադեժդան իմացել, որ մահացած մոր մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: Նադեժդայի եղբայրը լրագրողներին ցույց է տվել բժշկի տեղեկանքը՝ թոքաբորոբ և COVID-19:

Կարա օյի գերեզմանատան հողածածկ ճանապարհի մի կողմում մահմեդական ավանդույթով 13 գերեզմաններ են, մյուս կողմում` քրիստոնյաների 17 շիրիմները: Տախտակե ցուցանակները վկայում են, որ բոլորը մահացել են ապրիլ և մայիս ամիսներին․ մահացածների մեծ մասը 60-70 տարեկան են:

Մինչ մեր ղազախ գործընկերները նկարահանում էին կատարում, հատուկ մեքենայով ևս երկու հանգուցյալ են բերել, որոնց հուղարկավորել են պաշտապանիչ հատուկ զգեստներով մարդիկ: Հարազատները հետևել են հեռվից, միայն երկու կին է ավելի մոտեցել: Գերեզմանատանը նախօրոք փորված փոսեր կան: Սկզբում այնտեղ քլոր են լցրել, հետո կատարել հուղարկավորումը:

Գերեզմանատանը ոչ ոք չի կարողացել բացատրել թվերի անհամապատասխանությունը, պաշտոնապես հաղորդվում է Ալմաթիում կորոնավիրուսի հետևանքով մահացած 10 մարդու մասին, բայց կորոնավիրուսից մահացածների գերեզմանատանը 32 շիրիմ կա:

«Մենք ոչինչ չգիտենք, շարքային աշխատողներ ենք»,- ասել են նրանք, ախտահնել բահերը, վառել հատուկ պաշտպանիչ վերնազգեստներն ու հեռացել:

«Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը դիմել էր Առողջապահության նախարարություն` պարզաբանումներ ստանալու համար: Նախարարության աշխատակից Թիմուր Սուլթանգազիևը, նախարարության ֆեյբուքյան էջում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով հարցին, ասել է, թե մյուս 22 մարդկանց մահվան հիմնական պատճառը կորոնավիրուսը չէ: Նա նաև ասել է, թե Առողջապահության նախարարությունը չի առաջարկել կորոնավիրուսից մահացածներին հուղարկավորել առանձին գերեզմանատանը, յուրաքանչյուր քաղաք կամ շրջան այդ հարցն ինքնուրույն է որոշում։

Ղազախստանի առողջապահության նախարարությանը կից ստեծվել է հատուկ հանձնաժողով, որը որոշում է կորանավիրուսով վարակված մարդու մահվան պատճառները: Եթե հանձնաժողովը որոշի, որ կորոնավիրուսը կողմնակի ազդեցություն է թողել, մահվան հիմնական պատճառները քրոնիկական այլ հիվանդություններ են, ուրեմն մահացածը չի ընդգրկվում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ցանկում:

Ղազախստանում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 35 մարդ, բայց Առողջապահության նախարարությունը չի բացահայտում վարակակիր այլ հիվանդություններից մահացածների թիվը: Առողջապահության նախարարությունը խոստացել է վիճակագրությունը ներկայացնել կարանտինի ավարտից հետո:

Այսօրվա դրությամբ Ղազախստանում կորոնավիրուսի գրեթե 9 հազար դեպք է հաստատվել, ավելի քան 4 հազար 500-ը բուժվել են, 35-ը` մահացել: Անցած մեկ օրում արձանագրվել է Covid-19-ի ավելի քան 400 նոր դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG