Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել


Փաստաբան Ինեսա Պետրոսյանը, արխիվ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Պետրոսյանի ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, ով ևս Օհանյանի փաստաբանն է, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս պահին Ինեսա Պետրոսյանը մեկուսացած է տանը:

Մեժլումյանը ևս ստուգվել է, իր մոտ կորոնավիրուսը չի հաստատվել: «Ամեն դեպքում կոնտակտավոր եմ, կարող է բացասական լինել, դրանից հետո նորից...: Փորձում եմ զգուշանալ, նիստերի չգնալ», - ասաց փաստաբանը:

«Ազատության» հարցին՝ իրենց պաշտպանյալ Օհանյանի հետ վերջերս շփում եղե՞լ է, Մեժլումյանը պատասխանեց. «Չէ, չի եղել, ընդհանրապես վերջին երկու շաբաթվա մեջ և՛ դատական նիստեր չեն եղել, և՛ հանդիպումներ, այդ թվում՝ պարոն Օհանյանի հետ»:

«Ես գտնում եմ, որ մանավանդ նման նիստերը, երբ մի փոքր տարածքում 30 անձ նստում ենք, համենայն դեպս 20-ից ավելի դատական նիստի, պահպանված չեն էն նվազագույն գոնե սոցիալական հեռավորությունը, որ պետք է լինի: Պատկերացնո՞ւմ եք Ինեսա Պետրոսյանը նախորդ նիստին հանկարծ գար դատական նիստին, չկա [ախտանշան] կորոնավիրուսի հետ կապված ու կվարակվեին: Դրա համար, ես ամեն դեպքում, ճիշտ է բացասական է, բայց կոնտակտավոր եմ, չի բացառվում, որ գաղտնի շրջանի լինի, ես դիմում եմ գրել, որպեսզի դատական նիստը հետաձգվի, չգնանք մարդկանց պաշտպանելու փոխարեն ինչ-որ հիվանդությամբ վարակենք», - ասաց Կարեն Մեժլումյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դիմումում նշել են, որ դատական նիստը հետաձգեն մինչև համաճարակի ավարտը: «Տեսնում եք՝ արդեն երկրաչափական պրոգրեսիայով աճում է, ռիսկը շատ է, նաև նշել ենք, որ մինչև ապահովվի անվտանգության կանոնները», - նշեց Մեժլումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG