Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն այսօր կհրապարակի Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մի քանի ժամից Ստրասբուրգում կհրապարակի վճիռը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում սպանված Գուրգեն Մարգարյանի գործով:

Ավելի քան 16 տարի առաջ` ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ` գիշերով կացնահարված Մարգարյանի հարազատները մինչև այսօր արդարության են սպասում: Մարդասպանը թեև ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից, սակայն, հետագայում արտահանձնվել էր Բաքվին, որտեղ ոչ միայն ազատ էր արձակվել, այլև բարձր պարգևների արժանացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Ողբերգական այս միջադեպին ու այսօր սպասվող դատավճռին նաև բրիտանական «Գարդիան»-ն է անդրադարձել՝ մեջբերելով հայցվորներից մեկի` Մարգարյանի հետ նույն դասընթացին մասնակցող հայաստանցի սպա Հայկ Մակուչյանի խոսքերը:

«Մենք արդարություն ենք ուզում, ոչ թե գումարային փոխհատուցում։ Մեզ համար կարևոր է, որ արձանագրվեն կոպիտ խախտումները, վերջ դրվի անօրինականությանն ու կանխվի հայերի հանդեպ ատելությունը», - ասել է Մակուչյանը, ով ինքն էլ կարող էր դառնալ Սաֆարովի զոհը, եթե հունգարացի ոստիկանները ժամանակին դեպքի վայր չհասնեին:

Հայցվորների փաստաբան Նազելի Վարդանյանն իր հերթին նշել է` արդարություն են փնտրում, և ակնկալում են վճիռ, որը կպարտավորեցնի Սաֆարովին վերադարձնել Հունգարիա, կամ երրորդ երկիր` պատիժը մինչև վերջ կրելու համար: Ի դեպ, եվրոպական ատյանում հայցվորների շահերն է պաշտպանում նաև պրոֆեսոր, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը: Միջազգային ասպարեզում հայտնի փորձագետը «Գարդիան»-ի հետ զրույցում ընդգծել է` այս գործը նոր հորիզոններ է բացում իրավական դաշտում, և այսօրվա վճիռը կարող է նախադեպային դառնալ և լուրջ հետևանքներ ունենալ կալանավորների հետագա արտահանձնումների վրա:

«Աշխարհում շատ տարածված է մարդկանց համաներման ենթարկել կամ ներել քաղաքական շարժառիթներով, սակայն հաճախ այդ քայլով պետությունը խախտում է մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները», - նշել է նա։

Հայցը ներկայացված է ոչ միայն Ադրբեջանի, այլև` Հունգարիայի դեմ, որը համաձայնել էր արտահանձնել մարդասպանին` չպահանջելով որևէ երաշխիք նրա հետագա պատժի ու ազատազրկման մասին: Ի դեպ, այդ որոշումն ընդունվել էր երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի` Բաքու կատարած այցից ընդամենը մի քանի ամիս անց:

Լրագրողական հետաքննություններով զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկը` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման կենտրոնը, տարիներ առաջ բացահայտել էր` 2012-ից սկսած, երբ Բուդապեշտը համաձայնել էր Սաֆարովին ուղարկել Բաքու, Ադրբեջանից ավելի քան 9 միլիոն դոլար էր հոսել դեպի Հունգարիա` կասկածելի նպատակներով: Գումարի հասցեատերը, ըստ փաստաթղթերի, եղել է Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի որդուն պատկանող օֆշորային ընկերություններից մեկը, հետագայում, սակայն, այդ ընկերությունը լուծարվել է, «իսկ թե ինչ է եղել ինը միլիոն դոլարի հետ` մինչ այժմ անհայտ է», արձանագրել էին հետաքննող լրագրողները:

Ընդ որում, հսկայական այդ գումարի առաջին չափաբաժինը` մոտ 450 հազար դոլարը, Բաքվից հունգարական բանկ էր հասել Սաֆարովի փոխանցումից ուղիղ մեկ ամիս առաջ: Բուդապեշտը մինչ օրս հերքում է այս գումարների հնարավոր կապը մարդասպանի արտահանձման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG