Մատչելիության հղումներ

Ովքեր կփորձեն օրենքից վեր դասել իրենց, կոշտ հակազդեցության կարժանան. Հունան Պողոսյան


Ովքեր կփորձեն օրենքից վեր դասել իրենց, կոշտ հակազդեցության կարժանան, «Ազատության» հետ զրույցում Քաջարանում տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Ներկայացնում ենք հարցազրույցից մեկ հատված.

Պողոսյան. - Դեպքը բացարձակապես քաղաքական ենթատեքստ չունի, գտնվում է ամբողջությամբ իրավական հարթությունում:

«Ազատություն». - Պարոն Պողոսյան, քաղաքական ենթատեքս տվողներն ասում են, որ ձերբակալվածները բռնությունների են ենթարկվել, որպեսզի Քաջարանի համայնքի ղեկավարի դեմ ցուցմունքներ կորզվեն, որովհետև նա իշխանությունների հետ լավ հարաբերություններ չունի:

Պողոսյան. - Մեկ տարի յոթ ամիս ես պաշտոնավարում եմ և որևէ հիմք չունեմ՝ նման բաներ պնդելու: Որևէ մեկին որևէ անգամ, որևէ հարցով անտեղի, սխալ վերաբերմունք չի եղել թե՛ իրավական դաշտում, թե՛ ընդհանրապես՝ առօրյա աշխատանքներում: Պնդել, ենթադրություններ անել ցանկացածս կարող ենք, նույնիսկ շատ հեռուն գնացող ենթադրություններ, բայց ամեն ինչ պետք է հիմնված լինի փաստական տվյալների վրա: Ինչ վերաբերում բռնություններին, ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, սակայն ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, որ բռնության ենթարկված քաղաքացու հայտարարության կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն:

«Ազատություն». - Պարոն Պողոսյան, Դուք մտե՞լ եք ոստիկանատուն, տեսե՞լ եք ձերբակալվածներին: Օրինակ՝ քաղաքապետն ասում է՝ «տեսել եմ, այո, նրանց ծեծել են»:

Պողոսյան. - Քաղաքապետն ամեն ինչը կապում է իր անձի հետ, և դեպքերն էլ, Դուք ասացիք, որ դեպքերի զարգացումը հետագայում Քննչական կոմիտեի հաղորդագրությունն այնպիսին է, որ առնչություն ունի քաղաքապետն այդ դեպքերին, իրադարձություններին: Նրա մտնելը միգուցե արդարացված է, ես չգիտեմ, որովհետև բանակցել է ոստիկանների հետ, համապատասխան պաշտոնյաների, իմ մտնելը, կարծում եմ, շահարկումների տեղիք կտա: Ես որպես հայ, որպես Սյունիքի մարզպետ, որպես նախկին իրավապահ համակարգի աշխատակից ոչ մի հիմք չունեմ կասկածելու նախաքննության բազմակողմանիության, օբյեկտիվության և լռիվության վրա: Այս պատճառով էլ նպատակահարմար չգտա մտնել ոստիկանության շենք:

«Ազատություն». - Պարոն Պողոսյան, իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք քաղաքապետի հետ, որը, հիշեցնենք, նախորդ իշխանության օրոք է ընտրվել, որքանով են ճիշտ տեղեկությունները, որ լարվածություն կա որոշակի:

Պողոսյան. - Բացարձակապես ոչ մի լարվածություն չկա, դա էլ ծիծաղելի է և նույնիսկ անհասկանալի:

«Ազատություն». - Իսկ տեղեկություններ իր պաշտոնավարման տարիներին կոռուպցիայի, ինչ-ինչ չարաշահումների մասին եղե՞լ են, գործեր հարուցված:

Պողոսյան. - Բացարձակ ոչինչ:

«Ազատություն». - Պարոն Պողոսյան, իսկ ինչո՞վ եք բացատրում, որ նա հենց այսօր արձակուրդ է վերցրել, Ձեզ ինչ-որ բացատրություն ներկայացրե՞լ է:

Պողոսյան. - Առայժմ, ոչ: Ընդ որում՝ համայնքային իշխանությունները արձակուրդ վերցնելուց այդպիսի գործընթացներ չկան, որ մարզպետարանին պետք է տեղեկացնեն, ուղղակի աշխատանքային կարգով տեղեկացնում են:

«Ազատություն». - Պարոն Պողոսյան, դուք պարետատնից դիտողություն, զգուշացում ստացե՞լ եք երեկվա հավաքի հետ կապված, չէ՞ որ արտակարգ դրության պայմաններում մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ, իրար մոտ կանգնած ժամեր շարունակ հավաք են անցկացրել, ոմանք եղել են առանց դիմակի, իսկ Դուք պատասխանատուն եք՝ Սյունիքի մարզում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու:

Պողոսյան. - Հենց առաջին վայրկյանից՝ ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, իմ առաջին խոսքը եղել է հորդորը, որ պահեն սոցիալական հեռավորությունը, կրեն դիմակներ և այլն: Որքանո՞վ է հաջողվել դա, կադրերն են ցույց տալիս, կարծում եմ, առանձնապես չի հաջողվել, բայց այդ կապակցությամբ այսօր մեր ոստիկանությունը նաև իրականացնում է համապատասխան միջոցառումներ:

«Ազատություն». - Այսինքն հնարավոր է՝ այդ մարդիկ տույժ ու տուգանքի ենթարկվե՞ն:

Պողոսյան. - Վարչական պատասխանատվության ենթարկվեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ.

XS
SM
MD
LG