Այսօր առավոտյան Նոր Զելանդիայում 5,7 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիսային Լևին քաղաքից ավելի քան 30 կիլոմետր հեռավորության վրա:
Reuters գործակալության տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները շարունակվել են շուրջ կես րոպե` խուճապ առաջացնելով երկրի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Վելինգթոնում:
Նոր Զելանդիայի փրկարարական ծառայությունների պնդմամբ, սակայն, մինչ այս պահը երկրաշարժից ավերածությունների կամ տուժածների մասին որևէ տեղեկություն չկա:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնը երկրաշարժի պահին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում էր: Չնայած ստորգետնյա ցնցումներին, վարչապետը չի ընդհատել հարցազրույցը` նշելով միայն, որ գտնվում է խորհրդարանի շենքում, որը, նրա բնորոշմամբ, «բավական ամուր շինություն է»: