Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունը առաջին անգամ վերջին երեք շաբաթների ընթացքում հայտնվել է տեսախցիկների առջև: Նա մասնակցել է Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կազմում գործող Կենտրոնական ռազմական կոմիտեի նիստին:
Ըստ տեղական աղբյուրների` խորհրդակցության ընթացքում հյուսիսկորեացի պաշտոնյաները լուրջ ուշադրություն են դարձրել հատկապես երկրի միջուկային ծրագրի հետագա հզորացմանը:
«Նիստի ընթացքում երկրի ղեկավարները քննարկել են միջուկային պատերազմի զսպմանն ուղղված գործողությունների իրագործումը, ինչպես նաև ռազմավարական ուժերը՝ պատրաստության բարձր աստիճանի բերելու հարցերը: Բացի այդ, կուսակցության ղեկավարներն ընդգծել են, որ հարկավոր է լուրջ քայլեր ձեռնարկել հրետանային ստորաբաժանումների կարողությունները մեծացնելու ուղղությամբ»,- նշված է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության հաղորդագրությունում: