Մատչելիության հղումներ

«Հույս ունենք, որ կառավարությունը ինչ-որ չափով կօգնի». Շիրակի մարզում քամին զգալի վնասներ է հասցրել


Երեկ երեկոյան բարձրացած ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզի թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքներին:

Վարդաքարում, օրինակ, տների ու կից կառույցների տանիքներ էին վնասվել։ Պողոսյանների տան տանիքը ամբողջությամբ պոկվել էր, առաստաղն էլ փլուզվել:

Արթուր Պողոսյանն ասում է՝ 8 տարի արտագնա աշխատանքի է մեկնել, որ տունը հիմնանորոգի: Հիմա կորոնավիրուսի պատճառով չի կարող խոպանի ճամփան բռնել, որ էլի գումար աշխատի ու տունը նորոգի։

«Մոտավորապես եթե ասեմ՝ 2 միլիոն 200 հազարի [վնաս է կրել]: Հույս ունենք, որ կառավարությունը ինչ-որ չափով կօգնի, գոնե մատերիալը կամ ֆինանսապես, իսկ աշխատուժը՝ ես, իմ ընկերներով», - ասաց Պողոսյանը:

Մայրը՝ տիկին Ղումաշը քամու պահին դրսում է եղել, հազիվ է հասցրել հեռանալ, երբ պատից քարեր են պոկվել։

Մեր նկարահանման պահին նաև մարզպետարանի հանձնաժողովն եկավ՝ վնասի չափը տեղում գնահատելու: ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանից գյուղացիները հետաքրքրվեցին, թե կառավարությունից ե՞րբ կիմանան աջակցության մասին:

Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետը հայտնեց, որ քամին վնաս է հասցրել մարզի 20 համայնքներում։

«Էս պահի դրությամբ արդեն 20 համայնքներից ունենք ահազանգ: Տարբեր չափերի վնասներ են: Մարզպետի հանձնարարությամբ երկու աշխատանքային խմբեր են ձևավորվել, սկսել ենք այցելությունները՝ մեկը՝ Արթիկի տարածաշրջանի համայնքներն են և նաև Ախուրյանի տարածաշրջանի համայնքներից ունենք: Հիմա համատեղ տեղական համայնքային հանձնաժողովների հետ աշխատում ենք՝ տեսնենք ինչ չափի վնասներ կան: Կխմբավորենք, կտեսնենք վնասների չափերն ամբողջ մարզում ինչքան է և կուղարկենք արդեն կառավարություն: Հետագայում թե ինչ ընթացք կստանա այս պահին չենք կարող ասել», - նշեց Անտոնյանը:

Միայն Վարդաքարում 30 տուն է վնասվել, հայտնեց համայնքապետ Գալուստ Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ կառավարությունից աջակցություն կստանան։

«Էս ընտանիքին, որը ամենաշատն է տուժված կամ էն ընտանիքն, պիտի ինչ-որ օգնություն լինի: Մենք նախատեսել ենք մեր բյուջեի չափով, եկամուտներից հնարավորության չափով կօգնենք, բայց այդ հնարավորությունը չնչին բան է, որն այս մարդկանց մատից փուշ էլ չի հանի», - ասաց համայնքապետը:

Վարդաքարում նախորդ տարի էլ էր քամին վնասներ հասցրել: Տիկին Ռիման անցած տարվա փոխհատուցումից դժգոհ էր, ակնկալում է, որ այս տարի վնասը ճիշտ կգնահատեն ու կփոխհատուցեն։

«Անցած տարի հատուցեցին, բայց ասեմ, որ հատուցածը շատ քիչ էր», - ասաց նա:

Մարզպետարանի հանձնաժողովը այսօր համայնքներում կշրջի՝ տեղում արձանագրելով քամու վնասները: Արձանագրությունը կուղարկվի կառավարություն, որն էլ կորոշի՝ վնասի փոխհատուցում կլինի, թե՝ ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG