Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի սահմանափակումների հետևանքով ներգնա տուրիզմը ավելի քան 350 միլիոն դոլարի կորուստ է կրելու. փորձագետ


Ե՞րբ կբացվեն Հայաստանի սահմանները զբոսաշրջիկների համար, կառավարությունում դեռ հստակ պատասխան չունեն, քննարկումներն այդ հարցի շուրջ շարունակվում են։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ասաց. «Առաջին հերթին իրավիճակը պետք է կայունանա նախ հանրային առողջության տեսանկյունից: Այսինքն մենք պետք է գոնե զգանք կամ կանխատեսենք, որ այն ծավալով, որով հանրային առողջությանն այս պահին վտանգ է սպառնում հետագայում դա չի լինելու»:

Ավելի վաղ Ազգային ժողովում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան հնարավոր է վերսկսվեն արդեն հունիսից։

«Կախված, իհարկե, կրկին իրավիճակից և իրավիճակի գնահատականից, բայց էս փուլում մեր նախնական պլանը այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից: Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, դեռևս մենք քննարկում չենք բացել մեր գործընկերների հետ, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հարցերին նույնպես անդրադարձ ունենալու ենք», - նշել է փոխվարչապետը:

Մի շարք խոշոր միջազգային ավիափոխադրողներ արդեն սկսել են տոմսերի վաճառքը։ Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հունիսից է նախատեսում Ավստրիայից, Լիտվայից, Կիպրոսից թռիչքներ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Հունիսից դեպի Հայաստան թռիչքներ նաև «Ավստրիական ավիաուղիներ»-ն է նախատեսում։ Տոմսերի ամրագրում սկսել է նաև այս տարի հայաստանյան շուկա մուտք գործած մյուս բյուջետային ավիաընկերությունը։ Ryanair-ը Հունաստանի, Կիպրոսից, Իտալիայից, Գերմանիայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների տոմսերը հուլիսի համար է վաճառում։

Ինչպե՞ս է ստացվել, որ այս ավիաընկերությունները սկսել են տոմսերի վաճառքը, երբ կառավարությունը հստակ որոշում չունի, թե երբ են բացելու օդային սահմանները, պարետատնից պարզաբանում են՝ միջազգային ավիաընկերությունները հաշվի են առել արտակարգ դրության ռեժիմի ավարտը։ Սակայն հստակ չէ՝ կերկարաձգվե՞ն գործող սահմանափակումները, թե ոչ։

Մինչ այդ, փակ սահմանների պայմանում հայաստանյան զբոսաշրջության ոլորտը մեծ վնասներ է կրում, դա նաև վիճակագրությունն է փաստում։ Եթե անցած տարի հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստան շուրջ 364 հազար զբոսաշրջիկ է այցելել, ապա այս տարի արդեն 53 հազարով պակաս՝ շուրջ 311 հազար։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, վերլուծելով նախորդ տարվա վիճակագրությունն, ասում է՝ հունվարից հունիս ժամանակահատվածում կորուստը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի է։

«Եթե մենք նույնիսկ աճը հաշվի չենք առնում, ընդունում ենք, որ այս տարվա առաջին կիսամյակն առանց աճի 770 հազար պետք է լիներ, դրանից հանած առաջին եռամսյակի թիվը՝ 311 հազարը, այսինքն 411 հազար միայն ներգնա զբոսաշրջային այցելություն մենք կորցրեցինք», - ասաց Ապրեսյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը հաշվել է՝ այդչափ զբոսաշրջիկների կորուստը համարժեք է 350 միլիոն դոլարի, որը ոչ միայն ոլորտի, այլ նաև տնտեսության զարգացմանն էր նպաստելու։

«Դրան էլ երբ որ գումարենք ներքին զբոսաշրջության վնասը, արտագնա զբոսաշրջության վնասը, բավականին կլորիկ գումար մենք կորցրեցինք, իսկ կոպիտ հաշվարկով մոտ դրա 20 տոկոսն էլ ըստ էության կորցրեց պետական բյուջեն», - նշեց Ապրեսյանը:

Իսկ որքա՞ն կորուստներ են կրել զբոսաշրջային ընկերությունները դեռ հաշվարկներ չկան, ըստ Մեխակ Ապրեսյանի, պարզ է մի բան՝ կորոնավիրուսի բացասական հետևանքներն առաջինն այդ ընկերություններն են զգացել, նրանք հիմա փորձում են ներգնա տուրիզմով վնասները ինչ-որ չափ վերականգնել։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ասում է՝ եթե համավարակը նահանջի, ոլորտը կսկսի փուլ առ փուլ վերականգնվել արդեն օգոստոսի վերջից սկսած։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG