Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից


ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեո

Ամերիկան դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից` Ռուսաստանի հետ տարաձայնությունների, այդ թվում` Հարավային Օսիայի ու Աբխազիայի պատճառով։

«Մոսկվան պարբերաբար ոտնահարում է այդ պայմանագրի դրույթները, թույլ չի տալիս թռիչքները իր կողմից բռնազավթված շրջանների, ինչպես նաև` Կալինինգրադի օդային տարածքով», - երեկ հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է վերանայել անդամակցությունը, եթե Ռուսաստանը բարեխղճորեն կատարի ստանձնած պարտավորությունները:

Ավելի ուշ այս մասին խոսեց նաև Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը․ - «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ առաջ են գնացել վերջին մի քանի աիսներին, և կարծում եմ, որ Բաց երկնքի մասով էլ հարցը կկարգավորենք: Սակայն այս պահին հստակ է, որ կա պայմանագիր, որին կողմերից մեկը չի ենթարկվում, և քանի դեռ դա շարունակվում է, մենք էլ չենք մնա դրան հավատարիմ»:

Համաձայնագիրը, որը միավորում էր 35 պետություն, հնարավորություն է տալիս մասնակիցներին անզեն օդանավերով թռիչքներ իրականացնել մեկը մյուսի տարածքում` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության համար: Վաշինգտոնը պնդում է, որ Մոսկվան շարունակաբար խախտել է այս պայմանավորվածությունը, ընդ որում` մի քանի դրույթներով:

«Ռուսաստանը թույլ չի տվել դիտարկման նպատակով թռիչքները իր կողմից բռնազավթված վրացական շրջանների` Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ձգվող սահմանին՝ դրանով իսկ փորձելով առաջ տանել իր կեղծ պնդումները, թե այդ օկուպացված տարածքները անկախ պետություններ են», - պնդել է Փոմփեոն՝ հավելելով, թե Կրեմլը նույն ռազմավարությունը կիրառել է նաև Ղրիմում, որի «բռնազավթումը Ամերիկան չի ընդունել և երբեք չի ընդունելու»:

«Խախտելով պայմանագրի դրույթները, Ռուսաստանը արգելել է թռիչքները Կալինինգրադի վրայով, որտեղ այժմ ռուսական զրահատեխնիակի մեծ չափաքանակ է կենտրոնացել, այդ թվում` միջին հեռահարության միջուկային հրթռներ, որոնք ուղղված են ՆԱՏՕ֊ի դեմ», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը՝ հավելելով, որ անցած տարի Կրեմլը արգելել է նաև Ամերիկայի և Կանադայի համատեղ վերահսկողական թռիչքները, որոնց նպատակն էր հետևել ռուսական լայնածավալ զինավարժություններին:

«Պարզից էլ պարզ է, որ այս համաձայնագրում մնալը չի բխում Ամերիկայի շահերից», - հայտարարել է Փոմփեոն՝ կրկին ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է վերաբանակցել՝ եթե Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը:

Թեև ԱՄՆ պետքարտուղարն իր ծավալուն հայտարարության մեջ մի շարք փաստեր էր մատնանշել, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր պնդել է, թե Ամերիկան մեղադրանքներ է հնչեցնում`առանց որևէ հիմքի ու ապացույցի․ - «Ամերիկացիներն ընդամենը մեկ նպատակ ունեն` հասնել նրան, որ մենք հլու-հնազանդ ենթարկվենք ու գնանք այն ճանապարհով, որն իրենք կթելադրեն մեզ: Նման բան չի լինելու, իսկ թե ինչ ճակատագիր կունենա համաձայնագիրը, կորոշեն մասնակից մյուս երկրները: Ռուսաստանից ու Միացյալ Նահանգներից բացի, դրան նաև առնվազն 32 պետություն է անդամակցում»:

Հարցը քննարկելու համար ՆԱՏՕ֊ի անդամ երկրների դեսպաններն այսօր պատրաստվում են արտահերթ նիստ անցկացնել: Գերմանիայի արտգործնախարարն արդեն հայտարարել է, որ Եվրամիության անդամները մտադիր են հետևել պայմանագրին և փորձելու են համոզել, որ Վաշինգոնը ևս հավատարիմ մնա դրան:

«Մենք` Ֆրանսիայի, Լեհաստանի ու Մեծ Բրիտանիայի հետ, բազմիզս ասել ենք` Ռուսաստանի հետ խնդիրները չարժեն, որ մենք տապալենք այս համաձայնագիրը», - ասել է Հայկո Մաասը:

Բաց երկնքի պայմանագիրն առաջարկել էր Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերը, այն ստորագրվել է 1992 թվականին Հելսիսնիկիում` ԵԱՀԿ անդամ 23 պետությունների կողմից: Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել էր մոտ տասը տարի անց` 2001 թվականի մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG