Մատչելիության հղումներ

Խամենեին վերստին կոչ է անում «ոչնչացնել Իսրայելը»


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «Ալ Քուդս» օրվա առիթով հանդես է գալիս ուղերձով, Թեհրան, 22-ը մայիսի, 2020թ.

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Իսրայելն անվանել է «ուռուցք, որը պետք է ոչնչացնել», և գովեստով է խոսել Իսրայելի դեմ պայքարող պաղեստինցիների զինյալ խմբավորումներին զենք տրամադրելու մասին:

«Պաղեստինի ապստամբությունը պետք է շարունակվի, Պաղեստինը պետք է ազատագրվի, դա իսլամական ջիհադի սրբազան պարտավորությունն է, սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի չարորակ ուռուցքն է», - այսօր ասել է Խամենեին «Ալ Քուդս» (արաբերեն՝ Երուսաղեմ) օրվա առիթով առցանց հեռարձակված ուղերձում:

Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն այլ ղեկավարներ տարիներ շարունակ պնդում են պաղեստինցիների մեծամասնություն ունեցող տարածաշրջանում հանրաքվե անցկացնելու և հրեից պետությունը ոչնչացնելու թեզը:

«Ալ Քուդս» օրն ամեն տարի Ռամադանի ամսվա վերջին ուրբաթ օրը նշելու կանոնը սահմանել է 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ, իսլամական հանրապետության հիմնադիր նախագահ, հանգուցյալ այաթոլա Ռուհոլլա Խոմեյնին:

Այս տարի Իրանի հոգևոր ղեկավարները կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ստիպված էին չեղարկել «Ալ Քուդս»-ի հանրային միջոցառումները:

Իրանը տարածաշրջանում համավարակից առավել տուժած երկրներից է: Իրանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 129 հազար մարդ, մահացել մոտ 7 հազար 250 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG