Facebook ընկերությունը մշտական կարգով է անցնում հեռավար աշխատանքի: Սկզբունքը կգործի նաև այն բանից հետո, երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարանտինը և կչեղարկվեն բոլոր սահմանափակումները:
Այդ մասին հայտնել է ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
«Կարծում եմ, կորոնավիրուսը շատ բան է փոխել մեր կյանքում, այդ թվում մեր աշխատաոճում, այս պահին ընկերության մեծամասնությունը՝ մոտ 95 տոկոսը հեռավար եղանակով է աշխատում, կարծում եմ, շատերի համար դա կպահպանվի նաև ապագայում», - ասել է Ցուկերբերգը:
Նա ենթադրում է, որ առաջիկա 5-10 տարիների ընթացքում ծառայողների կեսից ավելին կաշխատի հեռավար կարգով:
Ցուկերբերգի ստեղծած Facebook-ը մոլորակի ամենամեծ թվով օգտատերեր ունեցող սոցիալական ցանցն է: