Մատչելիության հղումներ

Ըստ վարչապետի, հիմնական խնդիր է սովորել ապրել կորոնավիրուսի հետ և դրա տարածումը վերցնել հսկողության տակ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ իր խոսքում Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող:

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով: «Բայց, բնականաբար, սա ասելով նկատի ենք ունենում կարողանալ իրավիճակը կառավարել այնպես, որ սահմանափակումներից ետ քայլ անելուց հետո կրկին անհրաժեշտություն չլինի վերադառնալ նախկինում կիրառված սահմանափակումներին: Եվ այսօրվա մեր արձանագրումը հենց այդ է, որ, ցավոք սրտի, մենք վստահ չենք, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում կկարողանանք պահել այս մարտավարությունը: Բայց մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ սովորել, շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ընդհանուր առմամբ, այս շրջանում հաճախ է խոսվում, քննարկվում և Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը համեմատության մեջ դրվում մի շարք այլ երկրների հետ ու զուգահեռներ անցկացվում:

«Դա, իհարկե, հասկանալի համեմատություն է, բայց ուզում եմ ասել, որ համեմատություն անելիս պետք է ելնել և դիտարկել ամբողջական պատկերը: Ի սկզբանե մեր մարտավարությունը եղել է հետևյալը. միջոցառումներն իրականացնել այնպես, որ դրանք լինեն մաքսիմալ հավասարակշռված՝ տնտեսական ճգնաժամի կառավարման տեսակետից, առողջապահական ճգնաժամի կառավարման տեսակետից և սոցիալական ճգնաժամի կառավարման տեսակետից: Եվ այս առումով ես կարևոր եմ համարում արձանագրել, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ընթացքում մեզ հաջողվել է պահել գնաճի, ըստ էության, մինիմալ շեմ, մեր ֆինանսական շուկան ցնցումների չի ենթարկվել: Սա ասում եմ արձանագրելու համար, որ այո՛, կան երկրներ, որտեղ զուտ համավարակի թվային տրամաբանության իմաստով շատ ավելի լավ իրավիճակ է, բայց մյուս կողմից կա պլանավորվածը մի քանի անգամ գերազանցող գնաճ, ցնցումներ են արձանագրվում ֆինանսատնտեսական շուկայում: Եվ, ընդհանուր առմամբ, գնահատման և ընտրության հարց է, թե որ խնդրի լուծումն է առաջնահերթ: Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր մարտավարությունը և պետք է տնտեսական խնդիրը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենևին չթերագնահատենք ի հակադրություն առողջապահական խնդիրների: Բայց մյուս կողմից առողջապահական խնդրի չլուծումը և սրացումը կարող է իր հերթին ավելի խորացնել տնտեսական խնդիրները և ավելի դժվարացնել դրանց լուծումը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկային, վարակված անձանց առողջական վիճակին, կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Նշվել է, որ թեստավորման ծավալներն ավելացնելու արդյունքում հնարավոր է դարձել վարակման դեպքերը հնարավորինս վաղ հայտնաբերել, բուժման արդյունքում չթողնելով, որպեսզի հիվանդների մոտ առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG