Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Փոքր տուգանքներն ավելի ազդեցիկ են


Իրավապաշտպան Վարդան Հարությունյան, արխիվ
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան, արխիվ

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր պարետատան սահմանած կանոնները խախտելու համար տուգանվել է ավելի քան տասը հազար քաղաքացի, ավելի ճշգրիտ՝ 10 հազար 135 մարդ։

Արձանագրվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները 37, իսկ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումների 89 խախտում։

Պարետի որոշմամբ, մայիսի 18-ից փողոց դուրս գալիս դիմակի առկայությունը պարտադիր է, կրելը՝ ոչ, այլապես կտուգանվեն։

Ազգային ժողովի՝ երեկ ընդունած օրենքի համաձայն, տուգանքը նախկին 100-250 հազար դրամի փոխարեն կդառնա 10 հազար դրամ։ Ի դեպ, օրենքն ունի հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ նրանք, ովքեր նախորդ ամիսներին տուգանվել են 100-250 հազար դրամով, նույնպես 10 հազար են վճարելու։ Իսկ տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով մեկ ամիս առաջ էր բախվել այս խնդրին, չի պատրաստվում վճարել ո՛չ 100 հազար, ո՛չ 10 հազար, ո՛չ էլ անգամ հազար դրամ։

Նա պատմեց, որ ոստիկանը տուգանքի մասին արձանագրություն էր կազմել նրա կնոջ էլեկտրոնային տարբերակով տեղաշարժման թեթրիկի վրա սխալ ամսաթվի համար։ Ընդ որում, Հարությունյանի հեռախոսի մեջ ճիշտ ամսաթիվ է եղել, և ինքը ոստիկանին տեղեկացրել է հնարավոր տեխնիկական սխալի մասին։

Իրավապաշտպանը բողոքարկել է տուգանքի արձանագրությունը և վստահ է, որ դատարանում կշահի այս գործը, քանի որ ոստիկանի որոշումը, իր պնդմամբ, հիմնավոր չէր։

Նա ասաց, որ իր հետ տեղի ունեցած դեպքից հետո շատերից է բոողքներ լսել ոստիկանների կամայական աշխատանքի վերաբերյալ․ - «Ոստիկանները դուրս էին գալիս որսի, ասենք՝ կեսժամանոց որս, որից հետո հանգիստ կարող էին գնալ։ Օրենքի տառին համաձայն, իրենք կարող են և իրենց համարել ճիշտ, բայց օրենքը բաղկացած է և՛ տառից, և՛ոգուց։ Այ այդ ոգին դուրս է մղվում, և վերջ։ Ոստիկանը աշխատում է իբր թե։ Էդ իբր թե-ն է, որովհետև այստեղ մենք չենք տեսնում ոստիկան և չենք էլ տեսնելու գուցե։ Բայց մեծ հրապարակներում ժամանակ առ ժամանակ կարող ենք տեսնել։ Այդպես էր նախորդ շրջանում։ Հիմա ինչպես կլինի, չեմ կարող ասել, բայց ես չեմ կարծում, որ էս կարճ ժամանակում ոստիկանությունը փոխի իր աշխատաոճը»։

«Անկախ ամենից, փոքր տուգանքերն ավելի ազդեցիկ են», - կարծում է Հարությունյանը՝ ընդգծելով սակայն, որ սա Կառավարության հերթական շտապ որոշումն էր։ Ըստ նրա, լուրջ ուսումնասիրություն չի արվել՝ պարզելու, թե արդյոք քաղաքացին կարող է պահպանել պարետատան սահմանած կանոները․ - «Օրինակ, ես ուսումնասիրում եմ, թե ինչպիսի կարգ է գործում եվրոպական որոշ երկրներում կամ մայրաքաղաքներում։ Այնտեղ ուղղակի մատուցում են էդ ձեռնոցները կամ դիմակները մարդկանց։ Այստեղ չկա էդ կարգը։ Եվ նրանք դրա դիմաց նաև պահանջում են, իսկ մերոնք ուղղակի ասում են՝ գնացեք և գնեք, կճարեք կամ չեք ճարի՝ ձեր խնդիրն է, ինչ գնով՝ նույնպես ձեր խնդիրն է , բայց պետք է կրեք։ Ձևական․․․»

Պատահական անցնորդների հետ զրույցներում հասկացանք, որ տուգանքները շատերի սրտով ևս չէին։ Հիմնականում բողոքում էին՝ գումար չունեն դիմակների համար, ակնարկում էին, որ երկկակի ստանդարտների մասին՝ օրինակ բերելով անգամ փակ տարածքում դիմակ չկրող պաշտոնյաներին։

Կային նաև քաղաքացիներ, որոնք վստահ էին, որ անկարգապահներին պատասխանատվության ենթարկելու միակ ճանապարհը տուգանքն է։

Ահա մի քանի կարծիք։

«Ամբողջ օրը մենք տեսնում ենք, որ Ազգային ժողովում իրանց նիստերի ժամանակ ոչ մեկ դիմակով չի։ Բայց չէ՞ որ իրանք են մեր ներկայացուցիչը, մենք պիտի իրանց նայենք ու հետևենք»։

«10 հազարը չէ, 100 հազար էլ որ անեն, էլի քիչ ա․․․ հետո պետությունը ինչքան փող պտի ծախսի, որ լավանա»։

«10 հազարը, որ տուգանում են, իրանք 10 հազար օրական վճար տվե՞լ են ժողովրդին․․․»


XS
SM
MD
LG