Մատչելիության հղումներ

Հայաստանում արտադրվել են կորոնավիրուսի առաջին թեստերը


Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը ամենասովորական սառնարանից հանեց կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության առաջին թեստը: «Սա թեստի նախատիպն է», - ցույց տվեց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Չորս փոքրիկ սրվակներից ամեն մեկում տարբեր նյութեր են, միասին՝ մեկ թեստ, որ նախատեսված է 50 հոգու հետազոտության համար: Եվս 2 հազար հատ դեռ պետք է արտադրվի. կառավարությունը գումար է հատկացրել 100 հազար թեստի համար:

«Մենք պետք է համոզված լինենք, որ այդ 2000 տուփն էլ կլինի այն որակի և այն ճշտության, որը պետք է այդ ախտորոշման լաբորատորիաներում ախտորոշման համար», - նշեց Առաքելյանը:

Այժմ առաջին սրվակների փորձարկման փուլն է, լուծույթը հավաքվում, ապա տեղադրվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի ախտորոշիչ սարքի մեջ: Ինստիտուտի տնօրենի կանխատեսմամբ՝ փորձարկման փուլը մոտ 10 օրից կավարտեն:

«Առաջին փուլը մենք անում ենք լաբորատոր ներքին փորձարկումներ՝ կոմպոնենտների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Երկրորդ փուլով մենք անելու ենք ներքին, բայց ադեն հիվանդներից անջատած նմուշների վրա, որպեսզի մենք հստակ համոզված լինենք, որ դրականը տվել է դրական, բացասականը՝ բացասական: Դրանից հետո մենք թեստեր տալու ենք արդեն երևի թե Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին, որպեսզի իրանք էլ անկախ թեստավորեն», - ասաց տնօրենը:

Քանի դեռ փորձարկման փուլն է՝ փակվել է այն լաբորատորիայի դուռը, որտեղ առաջին նմուշներն էին հավաքվել: Կենսաանվտանգության երկրորդ աստիճանի լաբորատորիա է, այս պահին ախտահանվում է ուլտրամանուշակագույն լապտերներով:

«Քանի որ արդեն այս մակարդակն անվտանգության բավարար է այդ թեստերն արտադրելու համար, մենք առաջարկեցին արտադրությունը, որովհետև եթե սա չլիներ, ես երբևիցե տենց առաջարկ չէի անի», - նշեց Առաքելյանը:

Կառավարությունը 550 հազար դոլար էր նախատեսել կորոնավիրուսի ախտորոշման թեստերի համար: Հինգ օր առաջ Չինաստանից Հայաստան հասավ թեստերի համար անհրաժեշտ հումքը: Արսեն Առաքելյանն ասում է՝ գումարի կեսն է ծախսվել:

«100 հազարի համար կծախսվի մոտավորապես 250 հազար դոլարի կարգի գումար, որը եղել է գումարը նյութերի համար», - ընդգծեց ինստիտուտի տնօրենը:

Ինստիտուտի գիտաշխատողներն իրենց ֆինանսավորման մասին չեն խոսում: «Մեր գործն ենք անում», -ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու տնօրենը: Ինստիտուտն այս պահին մի շարք գիտական հետազոտություններ է իրականացնում Covid 19-ի վերաբերյալ, բայց ավելի շատ խոսվում է թեստերի մասին: Արսեն Առաքելյանն ինքն էլ հաստատում է՝ դրսից ներկրված հումքով այստեղ լուծույթները միավորելու գործում գիտական ոչինչ էլ չկա:

«Գիտական մասն ավարտվեց, երբ որ մենք ամբողջությամբ վերլուծեցինք առկա ինֆորմացիան՝ թեստրի մշակման վերաբերյալ. ի՞նչ նիշեր պետք է վերցնել, ի՞նչ գեների համար, հաջորդականությունները հասկացանք, տեսանք, որ դա այն հաջորդականություններն են, որոնք երաշխավորել են ԱՀԿ-ն, Ամերիկայի ՀՎԿ-ն, ու մենք պատվիրեցինք այդ նյութերը», - ասաց նա:

Արսեն Առաքելյանը ցավում է՝ Հայաստանում կենսաանվտանգության գիտահետազոտական ենթակառուցվածք չկա. «Այն, ինչ որ տեղի ունեցավ Չինաստանում, տեղի ունենար Հայաստանում, մենք ընդհանրապես պատրաստ չէինք լինի անել այն քայլերն ու այն արագությամբ, որ արվեց Չինաստանում»:

Վարակի բռնկումից մինչև այժմ Հայաստանում ավելի քան 44 հազար քաղաքացի է թեստավորվել, հայկական արտադրության՝ հուսալի ՊՇՌ թեստերը հնարավորություն կտան արագ արձագանքել կորոնավիրուսային իրավիճակին:

XS
SM
MD
LG