Մատչելիության հղումներ

Ինչպես են մանկապարտեզներում ապահովելու երեխաների անվտանգությունը. բացվելու են նախակրթարանները


«Ժպիտներ» մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանը ներկայացնում է նոր կանոնները, 19-ը մայիսի, 2020թ.

Մանկապարտեզների դռները վաղվանից կբացվեն փոքրիկների առջև, բայց կարգելվի ծնողների մուտքը.- «Եվ ծնողները, մուտքի մոտից այս հեռավորությունը պահպանելով, պետք է գան մինչև մանկապարտեզի մոտ»:

Ծնողները փոքրիկների հետ բակում կսպասեն մեկուկես մետր հեռավորությամբ գծանշանների վրա, մինչև կհասնի ներս մտնողի հերթը։ Մանկապարտեզի բուժքույրն ու դաստիարակները փոքրիկներին ջերմաչափելուց հետո կուղեկցեն խմբասենյակներ։ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող «Ժպիտներ» մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանը վստահեցնում է՝ ամեն ինչ, անգամ բակը ախտահանել են ու սպասում են սաներին.- «Հեռավորությունը պահպանել ենք, մեկ մետր- մետրուկես սեղաններն արդեն դասավորել ենք»:

Երկամսյա դադարից հետո մանկապարտեզ վերադարձող փոքրիկների համար շատ բան առաջվա պես չի լինի։ Խմբերն են կրճատվել, 30-ի փոխարեն 8-ից 10 հոգի կլինի։ Նախկինի պես խմբակային ճաշերն ու խաղերն էլ չեն լինի։ Յուրաքանչյուրն իր սեղան-աթոռը կունենա.- «Ամեն սեղանի մոտ նստելու է մեկ երեխա»:

«Առանձին-առանձին են խաղալու»,- պատմում է դաստիարակ Աննա Մարտիրոսյանը։

Խաղալիքների պահարանները դատարկվել են։ Հեշտ ախտահանվող լեգոներն են մնացել, որոնք ըստ դաստիարակի` օրվա մեջ պարբերաբար կախտահանեն։ Խոստովանում է՝ ամենաբարդը երեխաների սոցիալական հեռավորությունը վերահսկելն է.- «Յուրաքանչյուր երեխա, անգամ նախատեսել ենք, նկարելու համար մատիտները, որ օգտագործվեն, բաժակների վրա գրենք տվյալ երեխայի անունը, որ սեղանի մոտ որ նստելու է, աշխատի, հետո աախտահանվի սպիրտով, կամ չգիտեմ, ախտահանենք մատիտները»:

«Մենք հիմնականում խաղալիքները հավաքել ենք, որովհետև խաղալիքների միջոցով չենք կարող այդպես անվտանգությունն ապահովել, բայց ունենք լեգոներ, որոնք օրը երկու անգամ պետք է ախտահանվեն, որոշակի խմբերում ունենք լեգոներ»,- նշում է մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանը:

Եռահարկ մահճակալներն էլ նախկինի պես ծանրաբեռնված չեն լինի։ Միայն մեկ հարկը զբաղված կլինի.- «Մեկն այստեղ կպառկի, մեկն էլ` այնտեղ, հեռավորություն կպահենք էլի: Յուրաքանչյուրն ունի իր բաժակը և ափսեն` իր տարբերանշաններով, սրանք և՛ իրենց սպիտակեղենների վրա են, և՛ պահարանների վրա են»:

Կորոնավիրուսի համաճարակը մանկապարտեզում անփոփոխ է թողել միայն ճաշացանկը։ Փոխարենը փոփոխություններ, անգամ նորամուծություններ կան խաղացանկում։ Նախկինի պես ձեռք ձեռքի խմբակային խաղերը չեն լինի, բայց փոքրիկները չեն ձանձրանա, այլ լուծումներ են գտել, մանրամասնում է դաստիարակ Ռուզաննա Հովակիմյանը.- «Դերային շատ խաղեր, խմբակային չեն կարող խաղալ, որտեղ ձեռք ձեռքի բռնած միանում ենք, բաժանվում ենք, գնդակներով խաղերը, էլի կան խաղեր` մրցակցային խաղեր, որտեղ էլի չեն կարող երեխաները միասին խաղալ: Կան խաղեր, որոնք նորամուծություն են լինելու, կավճանկարչության վերաբերյալ խաղեր կլինեն, կպահպանեն հեռավորությունը»:

Անվտանգության նկատառումներից ելնելով` օրվա մեծ մասը առայժմ դրսում կանցկացնեն, քանի դեռ անտանելի շոգը վրա չի հասել.- «Մենք ավելի շատ խաղերը տեղափոխել ենք բակ սենյակներից, որովհետև մաքուր օդում քիչ ավելի հավանական է»,- ասում է տնօրենը:

Չնայած վարակվածության օրեցօր աճող տվհալներին` այս մանկապարտեզ հաճախող 390 երեխայից 200-ը վերադառնալու են: Մանկապարտեզի տնօրենն ասում է` հերթագրվածներից բոլորի ծնողները չէ, որ աշխատում են:

Մանկապարտեզների բացվող դռները ոչ բոլորին են ոգևորում, որքան էլ որ խոստանում են պահպանել անվտանգության կանոնները։ Երիտասարդ մայրիկ Քնարիկ Սահակյանը վարակվածության օրեցօր աճող տվյալների այս փուլում այն ռիսկային է համարում.- «Իմ բալիկը 3 տարեկան 7 ամսական է, իհարկե հաճախում էր, բայց կարծում եմ, որ սխալ է տանելը` իմ կարծիքով:

Աշխատում եմ, բայց այնպես է գործս, որ ազատ գրաֆիկ է, և տանը նայող ունեմ էլի: Այս վիրուսի դեպքում էլ շատ ռիսկային է, ինձ թվում է, տանելը»:

Համավարակի վիճակագրությունը թեև հուսադրող չէ, բայց երեխաներին տանը փակելն էլ լուծում չէ, ասում է թոռնիկի հետ զբոսնող տիկին Իռան։ Աշխատող ծնողները ստիպված ռիսկի կդիմեն.- «Մանկապարտեզ վաղվանից ուզում ենք տանել, որովհետև բոլորս զբաղված ենք, մաման էլ է աշխատում, պապան էլ է աշխատում, ես էլ եմ աշխատում: Այնպես որ ստիպված ենք տանելու, չնայած ես շատ դեմ եմ»:

Մեկ այլ քաղաքացի էլ ասում է.- «Այո, որովհետև ծնողներն աշխատում են: Այնտեղ դասավորել են, քիչ մարդ է գնում»:

Եթե որևէ մանկապարտեզում որևէ աշխատակից խախտի անվտանգության կանոնները, ապա ներում չի լինելու, նրանք հանրակրթության համակարգում անելիք չեն ունենա, մամուլի ասուլիսում նախօրեին խիստ զգուշացրին Երևանի փոխքաղքապետերը։

Տնօրեն Լենա Լևոնյանն առարկություն չունի, բայց շեշտում է՝ վարակը կանխելու համար միայն նախակրթարաններում կարգուկանոնը բավարար չէ, սոցիալական պատասխանատվության, հեռավորության ու անվտանգության կանոնների մասին ծնողներն էլ պետք է չմոռանան։

XS
SM
MD
LG