Վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար նախորդ տարվա ընթացքում տրանսպորային վառելիքի ձեռքբերման գործընթացը:
Դատախազությունից հայտնում են, որ փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ տեսչական մարմինը «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» պայմանագրով միևնույն ընկերությունից 2019թ. ապրիլին և հոկտեմբերին նույն տարվա համար ստացել է 6620լ և 9930լ ռեգուլյար բենզինի կտրոններ: Բնականոն աշխատանքն ու ավտոմեքենաների շահագործումն ապահովելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կողմից այդ կտրոնները սահմանված չափաբաժիններով հատկացրել են տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցներին։
Տեսչական մարմնում առկա հումք և նյութերի հաշվառում իրականացնելու նպատակով մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է 1870 լիտր բենզինի կտրոնների պակասորդ։ Դրա մասին տեղեկացվելուց հետո տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալի՝ 2019թ. օգոստոս- սեպտեմբեր ժամանակահատվածում տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է նույն չափով բենզինի կտրոններ՝ «ուժի մեջ է առ 31.12.2020թ» նշագրմամբ։
Մինչդեռ, ըստ դատախազության, պարզվել է, որ տեսչական մարմնի նախորդ տարվա կարիքների համար ստացված բենզինի կտրոնների վրա ընդհանրապես չի եղել 2020թ. ուժի մեջ լինելու նշագրում, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ 2020թ. փետրվարի 17-ին ներկայացված կտրոնները նույնական չեն պակասող կտրոնների հետ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով 2019թ. ընթացքում խոշոր չափերի՝ շուրջ 620 հազար դրամի 1870 լիտր բենզինի հափշտակման վերաբերյալ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով յուրացում կամ վատնում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: