Մատչելիության հղումներ

Թբիլիսիի նախկին քաղաքապետը և Վրաստանի ՊՆ նախկին նախարարը համաներմամբ ազատ են արձակվել


Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան և ՊՆ նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին

Վրաց ընդդիմադիր գործիչներ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին համաներմամբ ազատ արձակվեցին: Եվս մեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ` «Մթավարի արխի» հեռուստաընկերության բաժնետեր Գիորգի Ռուրուան շարունակում է մնալ ճաղերի ետևում:

Բանտարկված քաղաքական գործիչների ազատ արձակումը Վրաստանի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև մարտ ամսին ձեռք բերված համաձայնությունների կետերից մեկն է: Թբիլիսիում հավատարմագրված արևմտյան դեսպանների միջնորդությամբ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընդդիմությունը հրաժարվում էր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման պահանջից` համաձայնելով, որ հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններն անցկացվեն թե՛ կուսակցական ցուցակներով և թե՛ մեծամասնական ընտրակարգով: Փոխարենը, Վրաստանի իշխանությունները խոստանում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Վերջին օրերին, սակայն, Վրաստանի իշխող ուժը կտրականապես հերքում էր երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ինչպես նաև այն, որ պարտավորվել է նրանց ազատ արձակել:

Այս հայտարարությունները կոշտ արձագանք գտան հատկապես Բրյուսելում, Եվրամիության ղեկավարները սպառնում էին Վրաստանի կառավարությանը զրկել ֆինանսական աջակցությունից, եթե վերջինս չկատարի ստանձնած պարտավորությունները:

XS
SM
MD
LG