Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84,4 միլիարդ դրամ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով «100 փաստ Հայաստանի մասին»:
«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84,4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական և շուրջ 1 մլն 100 հազար ֆիզիկական անձ», - ասաց Փաշինյանը:
2019 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 12,4 մլրդ դրամի վնաս
2019 թվականի ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105,7 միլիարդ դրամ՝ 2018-ի արձանագրված 85 մլրդ դրամի դիմաց, վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս:
«Հատկանշական է, որ 2018-2019 թվականներին քննված քրեական գործերի շրջանակներում բացահայտված կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 190,7 մլրդ դրամ, ինչը 5 անգամ գերազանցում է 2009-2017 թվականներին հայտնաբերված վնասի չափը միասին վերացված, որը կազմում է 36,5 մլրդ», - ասաց վարչապետը:
Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական կրակային դիրքեր
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական կրակային դիրքեր:
«Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր, ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական հոսանքով ապահովվել են 148 մարտական դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել է արևային էներգիայով սնվուցվող 338 վահաններ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը: