Մատչելիության հղումներ

Չինաստանում հուլիսին կմեկնարկի կորոնավիրուսի դեմ վակցինայի փորձարկման երրորդ փուլը


Կորոնավիրուսի ստուգում, Ուհան, Չինաստան, 15 մայիսի, 2020թ.

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ այս տարվա հուլիսին նախատեսվում է COVID-19 հիվանդության դեմ պատվաստանյութի տարբերակներից մի քանիսի փորձարկման երրորդ փուլը:

«Այս փորձարկումների առաջին և երկրորդ փուլերի ընթացքում մենք չենք ստացել կողմնակի բացասական լուրջ հետևանքների մասին տվյալներ: Հետևաբար, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, արդեն հուլիսին կսկսենք երրորդ փուլը»,- ասել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ, առողջապահության փոխնախարար Ժեն Յիսինը:

Չինաստանի պաշտոնյաները հավաստիացնում են, որ համավարակի առումով իրավիճակը բարվոք է:

«Մենք կարևոր փորձ ենք կուտակել, հանրության տեղեկացվածությունն ու վարակից պաշտպանվելու աստիճանն էլ էապես բարելավվել է: Մենք ենթադրում ենք, որ համավարակի կրկնության առումով իրավիճակը վերահսկվում է»,- ասել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի վարակների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տեսուչ Կուի Գանը:

XS
SM
MD
LG