Զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում ինչպես ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում իրականացված, այնպես էլ նախորդ ժամանակահատվածներում ձեռնարկված և և 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում ավարտված աշխատանքների արդյունքները։
Ինչպես հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից, այս ժամանակահատվածում զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 119 ուսումնասիրություն, որը 41-ով կամ 52 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։
Խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրություններից 47-ի դեպքում, որոնք հիմնականում արձանագրվել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բնագավառներում:
Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստված 35 նյութերից 24-ով հարուցվել են քրեական գործեր: Ընդ որում՝ հարուցված քրեական գործերի քանակը 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
2020թ․1-ին եռամսյակի ընթացքում իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 480 միլիոն 703 հազար 415 դրամի վնաս, վերականգնվել է 4 միլիոն 85 հազար 423 դրամ վնաս։