Մատչելիության հղումներ

Համավարակի ճգնաժամը մեղմելու համար 11 մոտոբլոկ հանձնվեց Շիրակի մարզի համայնքներին


Եվրամիությունն (ԵՄ) ու Ավստրիական զարգացման գործակալությունը Հայաստանի հյուսիսային 3 մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում, 11 մլն եվրոյի նոր ծրագիր են սկսում՝ գյուղական համայնքներին տրամադրելով գյուղտեխնիկա: Նպատակը համավարակի պատճառով առաջացած ճգնաժամը մեղմելն է։

Գյուղտեխնիկայի առաջին խմբաքանակը՝ 11 մոտոբլոկ (դա ունիվերսալ սարք է, որով կարելի է վարել, հնձել և ակոս հանել), այսօր հանձնեցին Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա համայնքներին։ Կորոնավիրուսի տարածման այս օրերին գյուղատնտեսության զարգացումը կառավարությունն առաջանային է համարում հատկապես պարենային ապահովվածության խնդիրը լուծելու համար:

Եվրամիության կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը օգնելու է գյուղացիներին ու ֆերմերներին նաև սերմացուի տրամադրման հարցում, ասաց ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը.- «Առաջին հերթին համագործակցում ենք Էկոնոմիկայի նախարարության և մարզպետարանների հետ, որի արդյունքում, օրինակ, COVID 19-ին անհապաղ արձագանքման միջոցառումների շրջանակներում սարքավորումներ տրամադրեցինք: Կարծում ենք, որ փոքր մեխանիզացիայի տրամադրման շնորհիվ համայնքների շատ, մանավանդ խոցելի արտադրողներ հնարավորություն կունենան լինելու ինքնաբավ և մշակել հողը: Քանի որ գյուղատնտեսությունը այս պահին առաջնային է դառնում, սա նրանց համար անհապաղ աջակցություն է»:

Գյուղտեխնիկան հանձնեցին համայնքին, ստորագրեցին հուշագիրը, նաև փորձարակեցին, թե ինչպես է աշխատում մոտոբլոկը:

11 մլն եվրոյի աջակցությունը կտրամադրվի երեք տարվա ընթացքում։ Գյուղտեխնիկան հանձնվում է համայանքապետարաններին: Սարապատ խոշարացված համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանն ասաց՝ գյուղտեխնիկան մաշված է, և նորերի կարիքն իսկապես կար:

Ի՞նչ սկզբունքով է տրամադրվելու գյուղտեխնիկան գյուղացիներին, հետաքրքվեցինք համայնքապետից.- «Տեխնիկան կամրակցվի շահագործողին, որը տիրապետում է տեխնիկան աշխատեցնելու պրոցեսին պայմանագրով, որ տեխնիկայի պահպանության համար պատասխանատու է: նաև ծրագրով նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար աջակցություն ցուցաբերելու` տեխնիկայի սպասարկման ծախսերը հոգալու համար, մնացած, երբ որ կավարտվի սոցիալապես թույլ խավի գործառույթը, կիրականացվե վճարովի աշխատանք, որպեսզի կարողանա տեխնիկայի վերանորոգման ու շահագործման խնդիրները լուծել»:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին «Ազատությունը» հարցրեց, թե ո՞վ է վերահսկելու, որ խոշարացված համայնքներում գյուղտեխնիկան գյուղերին տրամադրվի առանց խտրական մոտեցման: «Համայնքի բնակավայրի մեջ տեխնիկան բաշխված է, և տեղում արդեն այն ընտանիքները, որոնք անմիջական շահառու են այս ծրագրի, իրենք որոշված են, այսինքն` որոշակի կրիտերիաներ են եղել, և ըստ էության իր իրականացման և ուղղակիորեն տեխնիկան օգտագործելու համար պատասխանատուներ կան` հիմնական վարչական ղեկավարներն են, որոնց հետ համատեղ, իհարկե, մենք էլ նաև հետևողական ենք լինելու, որովհետև ծրագրային նաև հաշվետվություններ կան, վերահսկման որոշակի մեխանիզմներ կան, որոնք միջոցով մենք հետևելու ենք, որ տեխնիկան առավելագույնս ի նպաստ համայնքի աշխատի»:

Սոցիալապես անապահովներին գյուղտեխնիկան կտրամադրվի անվճար, իսկ մյուսների համար վճար կսահմանվի: Համայնքապետն ասաց` դեռ հստակ չէ որքան.- «Այս պահին քննարկման փուլում է»:

«Հատկապես լեռնային բնակավայրերին նմանատիպ գյուղտեխնիկայի տրամադրումն արդարացված է, - նշեց Տիգրան Պետրոսյանը,- Երբ որ քննարկում էինք այս համաճարակային իրավիճակը, իրենք որոշեցին այս ծրագրի տիրույթում նաև տեխնիկական աջակցություն տալ, որովհետև պարզ է, որ այսօր գյուղատնտեսությունը և գյուղատնտեսական ապրանքները, պարենային անվտանգությունը վերաիմաստավորում է ըստ էության, և լրիվությամբ այդ մոտեցումները շատ ավելի կարևոր ու առաջնահերթ են դառնում, այս տեսանկյունից շատ ժամանակին աջակցություն էր, բազմաֆունկցիոնալ մոտոբլոկեր է, Շիրակի համար` 11 մոտոբլոկ, մեր կողմից նաև քննարկվում էր, թե որ միջավայրերում, որոշում կայացվեց ավելի լեռնային գոտում գյուղատնտեսություն ծավալող համայնքներին այս աջակցությունն ուղղել, քանի որ այստեղ տեխնիկայի առումով հատկապես սարերի լանջերին գործ անելուց այս տեխնիկան ավելի նպատակահարմար է, բազմաֆունկցիոնալ է` ակոսահանում, հողի փխրեցում, խոտհունձ, այսինքն` ինքը բազմաֆունկցիոնալ տեխնիկա է, և մենք վստահ ենք, որ այն համայքներում, որտեղ որ իրենք գործունեություն են ծավալում, այդ համայնքներն, այդ ընտանիքներն իրենց հենց նաև ուղղակիորեն բարեկեցության վրա տեխնիկայի ազդեցությունն ուղղակիորեն ազդելու է»:

Նշենք, որ համավարակի պայմաններում կառավարությունը գերակա ոլորտ է համարել գյուղատնտեսությունը՝ ընդգծելով, որ այս տարի ոչ մի թիզ հող անմշակ չպիտի մնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG