Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանը Երևանի կենտրոնական փողոցներում զրուցել է մարդկանց հետ


Անվտանգության կանոնները պահպանելու ու սոցիալական հեռավորությունը պահելու կոչերով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց իրականացրեց Երևանի կենտրոնական փողոցներով։

Կողք-կողքի կանգնած երիտասարդները սոցիալական հեռավորություն չպահելու իրենց բացատրությունն ունեին։ Վարչապետի դիտարկմանը, որ մոտ են կանգնած իրար, արձագանքեցին․ - «Ախպերներ ենք»։

Պատասխանը հարուցեց վարչապետի ծիծաղը, ապա ասաց․ - «Ցավոք սրտի, տենց բան չկա, որ ախպորից ախպոր չի անցնում վարակը»։

Վարչապետի խոսքով, առնվազն մեկ տարի վարակման վտանգը առկա կլինի, և քաղաքացիները պետք է սովորեն ապրել կորոնվիրուսի պայմաններում։ Հանդիպելիս ձեռքով չբարևել, դիմակներ կրել, հաճախ ախտահանել ձեռքերը:

Փաշինյանն արձանագրում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանը հակահամաճարակային կանոնները պահելու հետ խնդիրներ ունի․ - «Դեպքեր ունենք, որ մի տան մեջ մի հոգի վարակվել ա, մյուսները չեն վարակվել: Որովհետև և՛ էդ վարակվածը, և՛ մյուսները իրանց անհատական կարգապահությամբ կարողացել են կոնկրետ խնդիրներ լուծել»։

Քաղաքացիները մի մասը վստահ է, որ միայն սոցիալական պատասխանատվության կոչերով ցանկալի արդյունքն ստանալ հնարավոր չէ, անհրաժեշտ են խիստ վերհսկողություն և բարձր տուգանքեր։ Մյուս մասը հակված է սահմանափակումների մեղմացմանը: Մարդիկ առավել մտահոգիչ են համարում հանրային տրասպորտի չաշխատելը։

«Պետք ա խստացնեն, ինձ թվում ա», - ասաց միջին տարիքի մի կին։ - «Եթե պահանջը դնում են, պետք ա և հետևեն, որ պահպանվի»։

Մեկ այլ կին ասաց․ - «Արդեն սկսել եմ չհավատալ։ Ոչ մի բանի»։

Փաշինյանն ինքն էլ նկատել է, որ կան քաղաքացիներ, ովքեր չեն հավատում աշխարհում շուրջ 300 հազար մարդու մահվան պատճառ դարձած վարակի առկայությանը․ - «Սուտ ա, ստից սարքած ա, անիմաստ աղմուկ ա և այլն, և այլն․․․ Էսպիսի հայտարարություններով ֆոն ա ստեղծվում, որպեսզի մարդիկ զգոնությունը կորցնեն»։

Փաշինյանի շրջայցի պահին էլ փողոցներում մեծ թվով քաղաքացիներ կային, հիմնական մասը շարունակում է շրջել առանց դիմակի և ձեռնոցի։

Բավականին մարդաշատ են նաև բացօթյա սրճարանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG