Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և մայիսի 12-ի դրությամբ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ գործերը վերաբերում են, մասնավորապես, մարզի Կապան համայնքի, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերի, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերի ու Գորայք համայնքի Գորայք բնակավայրի նախկին ու ներկայիս ղեկավարների, այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:
Քրեական գործերից երեքը հարուցվել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի, երկուսը՝ 38(հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասի, իսկ 15-ը՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:
Ըստ քրեական գործերի նյութերի, սկսած 2006 թվականից՝ համայնքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարների, վարչական ղեկավարների մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագործման նպատակով վարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին: Արդյունքում՝ հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:
Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 82 միլիոն 561 հազար 42 դրամի վնաս, որից երեկվա դրությամբ վերականգնվել է 31 միլիոն 742 հազար 916 դրամը: Միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:
Չորս քրեական գործով չորս համայնքի ղեկավարի մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն նկատի ունենալով, որ մեղադրյալները կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասները, տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։
Մայիսի 12-ի դրությամբ լուծվել է վարձակալության, կապի օպերատոր հանդիսացող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 5 ապօրինի պայմանագիր: Սյունիքի մարզի դատախազության կողմից, մարզպետարանի հետ գործակցությամբ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նաև նմանատիպ մյուս պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: