Մատչելիության հղումներ

Համավարակի հետևանքով ցլամարտի դադարը Իսպանիայում կենդանիների պաշտպանները դրական են համարում


Ցլամարտ Իսպանիայում, արխիվ
Ցլամարտ Իսպանիայում, արխիվ

Անսովոր տեսարան է Մադրիդի Լաս Վենտաս ցլամարտի արենայում ու ընդհանրապես ամբողջ Իսպանիայում: Չկան ցլամարտի նախկին բուռն շոուներն ու ավանդական փառատոնները, բայց մյուս կողմից՝ հազարավոր կենդանիներ փրկվել են մատադորների սրերից ու դաշույններից: Այս իրավիճակի պատճառը կորոնավիրուսի համավարակն է:

Ցլեր պահող ֆերմեր Վիկտորինո Մարտինի կարծիքով՝ եթե ամբողջ տարվա ընթացքում կորիդա չլինի, դա կլինի վատթարագույն սցենարը: «Միայն պատկերացրեք՝ մենք որևէ եկամուտ չենք ունեցել ձմռան սեզոնի դադարի պատճառով, պատկերացեք նման ևս մեկ տարի», - ասել է Մարտինը:

Չնայած Իսպանիայում կարանտինի պայմանները թուլացվում են, բայց դեռ պարզ չէ, թե երբ կսկսվի կորիդան՝ կլոր ասպարեզով մեծ ստադիոններում անցկացվող ամենօրյա արյունալի շոուն, որը երկրի շատ քաղաքներում հազարավոր մարդկանց է գրավում ու շարունակվում մինչև աշնան կեսերը:

Ավանդական բազմամարդ փառատոնները հազարավոր աշխատատեղեր են ապահովում՝ մատադորներից սկսած, մինչև ցլեր պահող ֆերմերները: Պիկադոր Անդրես Ռոմերոն ասել է, որ այս տարվա ընթացքում սպանդանոցներին 4-5 հազար ցուլ կհանձնեն` առանց որևէ եկամուտ ստանալու ուժեղ, մարտական ցուլ աճեցնելու համար, որի համար 5 տարի է պահանջվում և մեծ ծախսեր: Պիկադորը կորիդային մասնակցող նիզակակիր հեծյալն է:

Մինչ նրանք դժգոհում են, այս իրավիճակից ուրախացել են կենդանիների պաշտպանները:

Կենդանիների իրավունքների պաշտպան Աիդա Գասկոնը հեռավար հարցազրույցում ասել է, որ դա լավ լուր է՝ այս համավարակի, այս համաճարակի հետևանքով եզակի լավ լուրերից մեկը: «Մենք սա դրական լուր ենք համարում բոլոր ցլերի համար, չնայած գիտենք, որ կենդանիները չեն փրկվի, նրանց կհանձնեն սպանդանոցներ, որովհետև պահելը ծախսատար է, բայց, ամեն դեպքում, կորիդաներում նրանց խոշտանգելով չեն սպանի, և որևէ մեկն օգուտներ չի ստանա խոշտանգումների այդ շոուից», - նշել է Գասկոնը:

Իսպանիայում նույնիսկ հնարավոր է, որ այդ վիճահարույց ավանդույթն այլևս չվերականգնվի: Ռանչոների որոշ սեփականատերեր հարյուրավոր ցլեր են հանձնել սպանդանոցներին: Կորիդայի ցլեր պահողների միության գնահատմամբ՝ ցլամարտի փակվելու պատճառով սեզոնի վերջում վնասները կգերազանցեն 77 միլիոն եվրոն: Սպանդանոցները մեկ ցլի համար 500 եվրո են տալիս, բայց ֆերմերները պնդում են, որ մեկ ցուլ աճեցնելը իրենց վրա 5 հազար եվրո է նստում:

Կենդանիների պաշտպանության ակտիվիստները ցլամարտի դեմ հաճախ են ակցիաներ անցկացնում: Իսկ պիկադոր Ռոմերոն ասել է, թե իրենք ցլերին ավելի լավ են պահում, ավելի շատ բան են անում նրանց համար, քան ակտիվիստները: «Կենդանու ծնված օրից մինչև մահը մենք հոգ ենք տանում, որ նրանք լավ ապրեն», - նշել է Ռոմերոն:

Ակտիվիստները պնդում են, որ ցլամարտը պետք է արգելվի, ընդդիմախոսները պնդում են, որ դա ավանդական արվեստի ձև է և պետք է պահպանվի, իսկ կորոնավիրուսի համավարակն ընդհատել է այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG