Մատչելիության հղումներ

ԼՂ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա. Զոհրաբ Մնացականյանի պատասխանը՝ Մամեդյարովին


Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա, այսօր տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:

Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե հայկական կողմը «ամեն ինչ անում է` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու համար»:

Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Մնացականյանը նշել է՝ ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, «մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն»:

«Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:

Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:

Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Տեսակոնֆերանսի ընթացքում Զոհրաբ Մնացականյանը նաև ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում՝ նշելով. «Հայաստանում հասարակությունն աստիճանաբար հարմարվում է համավարակի պայմաններում ապրելուն, և մեր կառավարությունն արդեն իսկ գործարկել է համավարակի բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված 17 աջակցության ծրագրեր՝ շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ընդհանուր գումարով»:

Համավարակն առաջ է բերում փոփոխություններ ինչպես գլոբալ, այնպես էլ ազգային մակարդակներում, ներառյալ՝ և՛ ԱՊՀ, և՛ նրա մարմինների գործունեության համատեքստում, ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով. «Այս բարդ շրջանում պետությունների համաձայնեցված գործողությունները, այդ թվում՝ ուղղված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման միջոցառումների համակարգմանը, առավել քան անհրաժեշտ են: Կազմակերպության ձևաչափում, հենվելով տարիների ընթացքում լրամշակված իրավական հիմքին, անհրաժեշտ կլինի շեշտադրումն անել ոչ թե պարզապես տնտեսության, այլ դրա նորարարական բաղկացուցչի վրա, և հաշվի առնելով նոր իրողություններն առաջ մղել մշակութային-հումանիտար համագործակցությունը, փոխգործակցությունը երիտասարդական քաղաքականության, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում»:

Ի թիվս այլ որոշումների՝ ԱՊՀ ԱԳ նախարարները ստորագրել են 2021-2030 թվականներին ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների՝ միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությունը, 2021-2030 թվականներն ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարությունը, շահագրգիռների ձևաչափով՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագիրը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին համաձայնագիրը, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG