Մատչելիության հղումներ

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը մեղադրում է Բաքվին համաճարակն օգտագործելով իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու համար


Ադրբեջան - Ոստիկանները ձերբակալում են Ժողճակատի փոխնախագահ Ֆաիգ Ամիրլիին, Բաքու, 9-ը ապրիլի, 2020թ.

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը մեղադրել է Ադրբեջանին կորոնավիրուսի համաճարակն օգտագործելով քաղաքացիների և լրատվամիջոցների իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու համար՝ երկրում ակտիվիստներ և լրագրողներ են ձերբակալվում: Այս մասին ասվում է հանձնաժողովի երեկ հրապարակած հայտարարությունում:

«Համաճարակի ժամանակ հասարակական առողջապահության նկատառումները չպետք է արդարացնեն քաղաքական բռնաճնշումները», - նշված է փաստաթղթում: - «Մենք խորապես մտահոգված ենք այն լուրերով, որ Ադրբեջանի կառավարությունը հավելյալ սահմանափակում է տեղեկատվության հասանելիությունը՝ ձերբակալությունների, տուգանքների և հնարավոր է՝ խոշտանգումների միջոցով»:

Փաստաթուղթն ընդգծում է, որ իշխանությունները պետք է դադարեցնեն օգտագործել ներկայիս համաշխարհային ճգնաժամը՝ սահմանափակելու «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամների և այլ ակտիվիստների, ինչպես նաև լրագրողների խոսքի իրավունքը:

Ավելի վաղ ադրբեջանցի իրավապաշտպանները հայտնել են, որ Ադրբեջանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր ձերբակալվել են ընդդիմության առնվազն 16 ակտիվիստներ, այդ թվում՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆաիգ Ամիրլիին՝ իբր կարանտինային ռեժիմը խախտելու համար:

Ադրբեջանի բնակիչները պետք է SMS թույլտվություն ստանան իշխանություններից ամեն անգամ, երբ դուրս են գալիս տանից: Այնուամենայնիվ, արտակարգ դրություն պաշտոնապես հայտարարված չէ:

XS
SM
MD
LG