Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպել է Բակո Սահակյանի հետ


Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, հայտնում է ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարբեր ոլորտներում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ, և ՀՀ վարչապետի ներկայությունն այս օրը յուրովի է արժևորում Եռատոնը: «Մենք հերթական անգամ Ձեզ հետ միասին խոնարհվեցինք մեր մարտիրոսված հայրենակիցների շիրիմների առաջ: Այս օրը մենք օգտագործում ենք նաև մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են նվիրել, իրենց կարողությունները ներդրել մեր հայրենիքն ազատագրելու համար», - ասել է Արցախի նախագահը։

Բակո Սահակյանը նաև նշել է, որ այսօր էլ միասին կլինեն Արցախի Զինված ուժերում։ «Եվ ավելի քան համոզված եմ, որ այս վերջին շրջանում մեր կատարած աշխատանքները, տված առաջադրանքները լրացուցիչ ապացույցը կլինեն, որ մեր հայրենիքը պաշտպանված է, մեր հայրենիքի պաշտպանները բարեխղճորեն կատարում են իրենց հայրենական պարտականությունները` դրանով իսկ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով մեր ապագային ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար», - նշել է նա։

Հայաստանի վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Արդեն երրորդ տարին մենք միասին այս փառահեղ տոնը նշում ենք Ստեփանակերտում և կարծում եմ` սա շատ լավ ավանդույթ է և իր մեջ ունի նաև բովանդակություն:

Արցախում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ուզում եմ նաև այդ առիթով շնորհավորել Ձեզ: Առաջիկայում նորընտիր նախագահի պաշտոնամուտն է լինելու, բայց ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն ասել Ձեզ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի համար»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «մեր միասնական ու ազգային խնդիրն այն է, որ ամեն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում և ընդհանրապես հայության շրջանում լինի առավել տոնական, ապագային մեր հայացքը լինի առավել լավատեսական, այսօրվա մեջ լինենք առավել վստահ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG