Մատչելիության հղումներ

Առանց պաշտպանիչ միջոցների բազմամարդ արարողություններ` Վանաձորում


Այսօր Վանաձորում բազմամարդ արարողություններ տեղի ունեցան՝ Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվան նվիրված։ Քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ, հոգևորականներ ու ազատամարտիկներ փողային նվագախմբի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին մի քանի վայրերում՝ հիշատակի խաչքարերին, հուշարձաններին ու զինվորական պանթեոնում։

Թեև արարողությունը բավականին մարդաշատ էր, արտակարգ դրությունն ու կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները հիշեցնող որևէ բան չկար։ Բոլորը կանգնած էին կողք կողքի՝ առանց պաշտպանիչ միջոցների։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շատերին բարևում էր ձեռքով, անգամ համբուրվում ծանոթների հետ.- «Մենք իրար հետ միշտ շփվում ենք, դրա համար, ուզում եմ ասել` եթե վարակված լինեինք, արդեն վարակված կլինեինք, ամեն օր գրեթե տեսնվում ենք: Համբույր չէր, գրկախառնություն էր: Երկու ժամվա մեջ կարելի է ախտահանել ձեռքերը, մարմինը, մաշկը պաշտպանական ռեակցիա ունի»:

Արարողություններին եկած նախկին ու ներկա զինվորականները ևս որևէ կերպ չէին խուսափում սերտ շփումներից։ Ասացին՝ հաղթել են պատերազմում, կհաղթեն նաև վիրուսին.- «Դիմակը պայուսակիս մեջ մնաց, եկեղեցու մոտ մնաց»:

«Սահմանում որ չխփի, վիրուսը չի խփի»: «Վանաձոր չի խփի վիրուսը, որովհետև ժողովուրդը սաղ վախեցել են, դրա համար: Գյուլիի բերանից չենք վախեցել, մնաց էս վիրուսից վախենա՞նք»: Այսպիսի պատասխաններ էին հնչեցնում ու հավելում:

Լոռու մարզպետ, մասնագիտությամբ բժիշկ Անդրեյ Ղուկասյանը ևս այսօր իր աշխատակազմի անդամների հետ առանց պաշտպանիչ միջոցների ու կանխարգելիչ սահմանափակումների էր մասնակցում տոնին նվիրված արարողություններին։ «Ազատությանն» ասաց.- «Քանի որ միջոցառումները բացօթյա են իրականացվում... յուրաքանչյուր մարդ իր գիտակցության մեջ պետք է ունենա դա, և հիմա տեսաք, որ բարևելիս ձեռքով չհպվեցինք իրար»:

Դիտարկմանը, որ քաղաքապետը ձեռքով բարևում էր, գրկախառնվում, համբուրվում էր, մարզպետն արձագանքեց.- «Քաղաքապետին այդ հարցն ուղղեք, ես քաղաքապետին բարևել եմ այ այսպես (հեռավորությամբ)»:

Մարզի ղեկավարը, որ նաև կորոնավիրուսի տարածումը կանխարգելող շտաբի պետն է, «Ազատությանն» ասաց` ինքն անձամբ «ցանկանում է վարակվել կորոնավիրուսով ու արագ ապաքինվել»։ Տեղեկացրեց, որ անցած ամիսներին որևէ անգամ վիրուսի թեստ չի հանձնել, նման անհրաժեշտություն չի եղել.- «Ես ուզում եմ մտածված վարակվեմ և շուտ լավանամ»:

Նշենք, որ մի քանի օր առաջ Լոռու մարզպետն ու Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսը Մեծ Հայրենականի երեք վետերանների պարգևատրելու համար այցելել էին նրանց բնակարաններ։ Հրապարակված տեսանյութում պաշտոնյաները անձամբ էին հանձնում պարգևներն ու ձեռքսեղմումներով շնորհավորում նրանց։ Լոռու մարզպետն «Ազատությանն» ասաց՝ պաշտպանիչ միջոցներ չէր կրում` հյուպատոսին վատ դրության մեջ չդնելու համար.- «Քանի որ մեր հետ հյուր էր հյուպատոսը Ռուսաստանի, և ինքը չուներ այդ պաշտպանիչ միջոցները, ես ուղղակի այսպես ասեմ` որպեսզի վատ իրավիճակ չստեղծվի, ես նույնպես չկրեցի: Ինքն ուղղակի դա չուներ, ես ունեի, բայց պայմանավորվեցինք, որ եթե ես դնեմ ինքը չդնի, մի փոքր կարող է ճիշտ չընկալվել, դրա համար ես նույնպես չկրեցի»:

XS
SM
MD
LG