Մատչելիության հղումներ

Թրամփը հայազգի Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդական


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդական։ Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնն ու գրասենյակը ստեղծվեցին 2004 թվականին` Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության օրոք։

Տնօրենը, ըստ էության, համակարգում է ամերիկյան հետախուզական և հակահետախուզական 16 գործակալությունների աշխատանքը և համարվում է դրանց ղեկավարը։ Այդ գործակալությունների թվին են դասվում Կենտրոնական հետախուզական գործակալությունը՝ CIA, և Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը՝ DIA-ն։

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում Պատրիկ Հովակիմյանի նշանակումը դեռ պետք է հաստատվի Միացյալ Նահանգների Սենատի կողմից։ Գլխավոր խորհրդականի խնդիրն իրավական հարցերով խորհրդատվության տրամադրումն է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակին՝ վստահ լինելու, որ գրասենյակի ենթակայության ներքո գործող պաշտոնյաների աշխատանքը համահունչ է ամերիկյան օրենքներին։

ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքէջի համաձայն` Պատրիկ Հովակիմյանը ներկայում Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի տեղակալ Ջեֆրի Ռոզենի (Jeffrey A. Rosen) աշխատակազմի ղեկավարն է ու օգնականը։

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանն «Ազատության» հետ զրույցում արհեստավարժ ու իր գործին նվիրյալ բնութագրեց Հովակիմյանին.- «Պատրիկ Հովակիմյանը աշխատում է ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ Կարելի է ասել՝ այդ նախարարությունում երիտասարդ, ծագող աստղ է։ Շատ ակտիվ է ԱՄՆ հայկական համայնքում: Անցած տարի Հովակիմյանը մասնակցում էր Armenian Bar Association-ի՝ ԱՄՆ-ում գործող հայ փաստաբանների ասոցիացիայի ճաշկերույթին՝ ԱՄՆ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռոդ Ռոզենսթեյնի (Rod Rosenstein) պատվին, ով եղել է Հովակիմյանի ղեկավարը, և որի կինը հայուhի է։

Գիտեմ, որ Պատրիկ Հովակիմյանը արհեստավարժ է։ Նա ԱՄՆ քաղաքացի է, իր աշխատանքն է կատարում։ Մայիսի 10-ին է նշանակված Սենատում նրա հաստատումը, և ԱՄՆ հայկական համայնքը ուշադիր հետևելու է հաստատման գործընթացին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG