Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ապրիլյան հանձնաժողովի նիստին


Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հենց Կարեն Կարապետյանն էր 2017 թվականի մարտին խորհրդարանում հայտարարել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։

Արդյոք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետյանը ընդունել է հրավերը, թե՝ ոչ, հանձնաժողովը պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ հանձնաժողովի փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։

Վաղն, ի դեպ, նշանակված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Նրա պաշտպանները ավելի վաղ դատարանին էին ներկայացրել Հայաստանի և Ղարաբաղի նախկին վարչապետերի, նրանց թվում՝ նաև Կարեն Կարապետյանի երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Հնարավոր է, որ դատարանը վաղը քննարկի այդ միջնորդությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG