Մատչելիության հղումներ

Համայնքային հողամասերն ապօրինի ենթավարձակալության հանձնելու դեպքերով 19 քրգործ է հարուցվել, վերականգնվել է 41 մլն դրամ վնաս


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում 8 մարզերի 20 համայնքներում կատարված սխեմատիկ չարաշահումների դեպքերով մայիսի 6-ի դրությամբ հարուցվել և նախաքննական մարմիններում քննվում է 19 քրեական գործ: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004 թվականից համայնքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական, կանխորոշված ելքով մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր՝ փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին կամ ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ, ընդհուպ 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագործման նպատակով վարձակալության են հանձնվել օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ՝ համայնքներին զրկելով ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից, նշված է հաղորդագրությունում:

Քրեական գործերից 6-ով 6 համայնքի գործող կամ նախկին ղեկավարներ ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նկատի ունենալով, որ կասկածյալների մի մասը լիովին, մյուս մասը՝ մասնակիորեն՝ նախաքննության ընթացքում մնացածը ևս վերականգելու խոստմամբ, հատուցել են համայնքներին պատճառված վնասը, բոլորն ազատվել են արգելանքից:

Մայիսի 6-ի դրությամբ նշված քրեական գործերով 7 անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», իսկ 1 անձի՝ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 3152-րդ հոդվածով՝ «պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը», 2 անձի՝ 38(հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշված գործերով համայնքներին պատճառված՝ հաշվարկված ընդհանուր վնասը կազմել է 153 միլիոն դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 41 միլիոն 587 հազար դրամը: Միջոցներ են ձեռնարկվում մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:

Մարզերի դատախազությունների անմիջական նախաձեռնողականությամբ 9 համայնքների դեպքում վարձակալության պայմանագրերը լուծվել են, այլ դեպքերում համայնքների և ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Միջոցներ են ձեռնարկվում մյուս դեպքերով ևս ապօրինի պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչի նպատակով մարզերի դատախազների կողմից միջնորդագրեր են ներկայացվել մարզպետներին, ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը հայտնում է նաև, որ տվյալ ոլորտում լայնածաված ուսումնասիրությունն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG